Ժամը 13:00–ի մոտ ԱԺ-ի առջև հավաքված՝ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված գազի համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները փակեցին Բաղրամյան փողոցը և սկսեցին վանկարկել «Ինքնիշխան Հայաստան»: Ոստիկանները նրանց ուժով հետ մղեցին փողոցից և այժմ պատ կազմած թույլ չեն տալիս ցուցարարներին մայթից դուրս գալ: Ցուցարարները սուլում են և վանկարկում «Ոստիկանը մերն է, բայց Պուտինի ձեռն է»: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հենց նոր ժամանեցին ոստիկանական լրացուցիչ ուժեր: Ոստիկանները մի շարք ակտիվիստների բերման ենթարկեցին։ Նրանց թվում են Արմեն Մկրտչյանը, Գոռ Առաքելյանը, Կարեն Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վահագն Մինասյանը, Դավիթ Հարությունյանը, Նարեկ Բաբայանը, Սիփան Փաշինյանը, Մոմիկ Վարդանյանը։
ԱԺ-ի մոտ իրավիճակը լարված է։ Անընդհատ բախումներ են տեղի ունենում ոստիկանների ու ցուցարարների միջեւ։ Ոստիկանները ուժով ակտիվիստներին նստեցնում են մեքենաները։











