Դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերի դեմ ԱԺ շենքի մոտ դեկտեմբերի 20-ին բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստ Անտոն Իվչենկոյի քթին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանը բռունցքով հարվածել է ու վնասել այն:
«Երբ ակցիան տեղափոխվեց փողոցի երթևեկելի մաս, և ոստիկանությունը մեզ էնտեղից հրելով բերեց հետիոտնային մաս, ինչ-որ ժամանակ նրանք մեզ սեղմում էին պատին, որից հետո ինձ ուղղակի քաշեցին, մի քանի հոգի ինձ փորձեցին պահել, քանի որ ոչ մի օրինական պահանջ չէր հնչեցվել, և ինձ պարզապես ուզում էին այնտեղից հանել, կարելի է ասել՝ առևանգել: Եվ մեքենայի մեջ խցկելուց բռունցքով քթիս հարված ստացա, շատ հստակ, ոստիկանն էլ տեսավ, դժվար թե կարողանամ հիշել դեմքը»,- NEWS.am-ին պատմեց Անտոն Իվչենկոն՝ նշելով, որ հարվածողը ոստիկան էր, որի համազգեստի վրա ոչ մի տարբերանշան չի եղել, որով հնարավոր կլիներ հասկանալ, թե նա որ ստորաբաժանումից է:
Ակտիվիստն իրեն հարվածելու մասին ոստիկանությունում դեռ հաղորդում չի տվել, բայց պատրաստվում է։ Ոստիկանները Անտոնին բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, այն է՝ ազատել փողոցի երթևեկելի հատվածը, այնինչ Անտոնը NEWS.am-ին ասաց, որ իրեն եւ մյուսներին ոստիկանական մեքենա են նստեցրել այն ժամանակ, երբ իրենք այլևս փողոցի երթևեկելի մասում չէին:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Անտոն Իվչենկոյի եւ Վարդգես Գասպարիի վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի եւ 182-րդ հոդվածի համաձայն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերի դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների մի մասին ոստիկանները ուժով նստեցրել էին ոստիկանական մեքենաները, սակայն 30 րոպե անց նրանց բաց էին թողել։ Ոստիկանները բերման էին ենթարկել միայն Վարդգես Գասպարիին և Անտոն Իվչենկոյին։ Նրանց տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին եւ 3 ժամ անց բաց թողել:











