Ոստիկանությունը երգչուհի Սոնա Ավագյանի՝ հոգեբուժարան տանելու դեպքի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել: Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հետեւյալը. «ԱՐ հեռուստաընկերության կողմից նկարահանված եւ համացանցում տարածված երգչուհի Սոնա Ավագյանի մասին տեսանյութը, անկեղծ ասած ինձ շատ հուզեց: Չեմ թաքցնի 10-12 տարի առաջ եղել եմ երգչուհու սակավաթիվ երկրպագուներից մեկը ու ինձ համար կրկնակի ծանր էր նրան հիմա այս վիճակում տեսնելը: Ինչեւէ փորձեցի պարզել իրականությունը, քանի որ հենց տեսանյութը դիտելու ընթացքում բազմաթիվ դետալներ խիստ կասկածելի թվացին: Այն ինչ ինձ հաջողվեց պարզել այս կապակցությամբ կրկնակի շոկ առաջացրեց:

Տեսանյութի մասով պարզվեց, որ Սոնան ստում է, որ ԱՄՆ դեսպանատնից ամեն ամիս ինչ որ գումար է ստացել ամուսնու կյանքի ապահովագրության համար: Իրականում նա դեսպանատուն է այցելել միանգամայն այլ նպատակով եւ հյուպատոսի հետ խոսելու ընթացքում հունից դուրս գալով սպառնացել է դանակահարել դեսպանատան աշխատակիցներին: ԱՄՆ դեսպանատնից իսկույն զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել են, որ մի տիկին սպառնում է դանակահարել մարդկանց եւ դեսպանատան աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով խնդրել են հեռացնել աղմկարար տիկնոջը: Ոստիկանները նրան տեղափոխել են Շենգավիթի բաժին, որտեղ նա հրաժարվել է որեւէ կերպ բացատրել իր արարքը եւ դրսեւորում է ոչ ադեկվատ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս: Ոստիկանությունից զանգահարում են շտապ օգնություն եւ գրությունով ուղարկում են Ավանի հոգեբուժարան հետազոտվելու, խնդրում եմ ուշադիր լինեք, ոչ թե բուժվելու, այլ հետազոտվելու…այդքանով Սոնայի առնչությունը ոստիկանության հետ ավարտվում է:

Ի դեպ ԱՐ-ի տեսանյութում չի հերքվում Սոնայի հիվանդ լինելը, տեսանյութում լրագրողը սղղացնում է նրա հասարակական վտանգ չներկայացնելը առողջ լինելու տեղ: Այսինքն Սոնան ըստ բժիշկների առ այսօր շարունակում է տառապել հոգեկան հիվանդությամբ ուղղակի կիսատ թողնելով բուժումը դուրս է գրվում հիվանդանոցից: Ստացվում է մենք ականատես եղանք անորակ փիառ ակցիաի, որի արդյունքում մարդը կիսատ թողեց բուժումը: Թե ինչքանով էր դա բխում մարդու իրավունքներից թողնում եմ ընթերցողի խղճին: Սա նաեւ առնվազն զարմանալի էր ինձ համար, քանի որ ԱՐ հեռուստաընկերությունը երբեք չստուգված փաստերի հիման վրա նյութ չի տեղադրել, ինչքան էլ այդ նյութը հուզիչ եւ սրտաճմլիկ լինի:

Պարզվեց Սոնան 7 տարի է ինչ խնդիրներ ունի օրենքի հետ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում Սոնա Ավագյանը անցնում է ավելի քան 30 էպիզոդներով: Էպիզոդներից մեկում նա դիմում է ոստիկանություն՝ մեղադրելով ինչ որ մարդկանց իր երեխաների մահվան մեջ: Նշեմ, որ Սոնա Ավագյանը երբեք երեխա չի ունեցել: Մյուս էպիզոդով նա թռուցիկներ է տպում իր հարեւաններից մեկի մասին, որտեղ այդ մարդուն մեղադրում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ եւ այդ թռուցիկները փակցնում է իրենց շենքի բոլոր հարկերում: Մնացած էպիզոդներին առայժմ չեմ անդրադառնա, քանի որ նրանց մեջ անձնական բաղադրիչը բավական մեծ է, սակայն պետք է նշեմ, որ ոստիկանները Սոնայի հարազատներին արդեն 5 տարի է հորդորում են զբաղվել նրա բուժմամբ, քանի որ նրա մոտ անհիմն ագրեսիան գնալով սրանում է:

Ինչեւէ, առողջություն եմ մաղթում իմ սիրելի երգչուհուն, համբերություն նրա հարազատներին, մանավանդ՝ հայրիկին»,-գրել է Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է Նորքի հոգեբուժական կլինիկայում է եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով, հաղորդում է «ԱՐ» հեռուստաընկերությունը:

Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նրա դժբախտություններն սկսվել են այն պահից, երբ մահացել է իր ամերիկացի ամուսինը: Սոնայի հետ միջադեպ է տեղի ունենում ԱՄՆ դեսպանատանը, հետագայում նա հայտնվում է ոստիկանությունում, որտեղ ծաղր ու ծանակի է ենթարկվում, իսկ հետո նրան ուղարկում են հոգեբուժարան:

«Ադեալը գցում էր դեմքիս, որ հետքեր չմնան եւ խփում էր աչքիս»,- պատմում է երգչուհին:

Ռեպորտաժը նկարահանվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ: