Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ Սպասվում է, որ ժամը 12-00-ին ԱԺ-ն արտահերթ նիստում պետք է քվեարկության դնի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը (ֆոտոռեպորտաժ)։
Բացի քաղաքացիական ակտիվիստներից ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կան նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Ակտիվիստները շենք մտնող բոլոր պատգամավորներին ուղեկցում են «դավաճան», «ստրուկներ» վանկարկումներով։ Նրանք բավական կոշտ են արձագանքել նաեւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մուտքին։
Նշենք, որ դրսում սաստիկ ցուրտ է՝ մոտ մինուս 10 աստիճան։ Չնայած դրան՝ ավելանում է բողոքի ակցիայի մասնակիցների թիվը։
Ցուցարարներն արդեն տեղափոխվել են ԱԺ գլխավոր մուտքի մոտ, որտեղ վադակաճաղերին տեղադրել են հայոց եռագույնը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ ԱԺ-ի դիմացի մայթն ամբողջովին փակ է։ Քիչ առաջ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց, որ բողոքի ակցիան արտոնված չէ, ինին ցուցարարները պատասխանեցին սուլոցներով։
Հիշեցնենք, որ այսօրվա ակցիային միանալու մտադրության մասին հայտարարել են մեծ թվով քաղաքացիներ։ Դերասան Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ փոխել է օդանավի տոմսը եւ չնայած շատ գործեր ուներ Պրահայում, բայց այսօր վերադառնում է Հայաստան՝ հատուկ բողոքի ակցիային մասնակցելու համար։
Ցուցարարների հետ զրույցում ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանն ասել են, որ եթե համաձայնագրերի տապալման ռազմավարությունը պահանջի ուղղակի բոյկոտել քվեարկությունը, իրենք չեն մասնակցի քվեարկությանը։
Ուղիղ միացումը՝ Civilnet-ի













