Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից, ԱԺ մուտքի մոտ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ բողոքող «Որոշողը մենք ենք» ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացած քաղաքացիների թիվը գնալով մեծանում է, ոստիկանների թիվը՝ նույնպես։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դեմիրճյան փողոցը լցված է ոստիկաններով ու ոստիկանական մի քանի տասնյակ մեքենաներով։
Ոստիկանները երկու շարքով շղթա են կազմել ԱԺ մուտքի դիմաց՝ մայթի երկայնքով։ Ես մեկ շարք կանգնած է փողոցում։
Ակտիվիստները հայտարարել են, որ իրենց մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կարող են լինել, ովքեր կփորձեն սադրանքներ իրականացնել եւ զգուշացրեցին սադրանքներին չտրվել։
ԱԺ-ում սկսվել է արտահերթ նիստը։ Սպասվում է, որ ժամը 12-00-ին ԱԺ-ն արտահերթ նիստում պետք է քվեարկության դնի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը։
Ակտիվիստները կարդացին պատգամավորների ուղղված բաց նամակը, որում ասվում է, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում քվեարկության է դրվելու ՀՀ անկախությունը հարցականի տակ դնող համաձայնագրերը, ինչին մասնակցելու են պատգամավորները։ Ակտիվիստները հիշեցրել են, որ այդ համաձայնագրերը լրջորեն սպառնում են ՀՀ ազգային անվտանգությանը եւ կեսնական շահերին, վտանգի տակ են դնում ՀՀ անկախությունը եւ պատգամավորները, կողմ քվեարկելով ու կատարելով իրենց կուսակցության առջանորդների, հովանավորների հրամանը, չեն ազատվում անձնական պատասխանատվությունից եւ ազգի դավաճան են դառնում, իսկ ժողովուրդը չի ներում եւ անպայման պատժելու է ազգային դավաճաններին։ «Որպես ՀՀ ազատ քաղաքացիներ, հետեւելու ենք յուրաքանչյուրիդ որոշմանը եւ մեղավորներին պատասխանատվության ենք ենթարկելու»,- հայտարարել են ակտիվիստները։
Ցուցարարների թիվը մեծանում է, նրանց միանում են նաեւ պատահական անցորդները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրսում այնքան ցուրտ է, որ ցուցարարներն ուղղակի ցատկոտելով են վանկարկում «դավաճաններ, «ստրուկներ», «ազատ, անկախ Հայաստան»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կնքված համաձայնագրերով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծելու կամ գազի ներմուծման պայմանները փոխելու հնարավորությունից։
















