ԱԺ շենքից դուրս եկած ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական գազային համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները կոչ արեցին վայր դնել մանդատը ու միանալ իրենց։ Փաշինյանը բացատրեց, որ դրանով հարցը չի լուծվի, միայն կզրկեն ժողովրդի ձայնը ԱԺ-ում բարձրացնելու հնարավորությունից։
«Եթե մենք վայր դնենք մանդատները, մե՞նք ենք դառնալու մեծամասնություն։ Ես ոչ մի գրամ չեմ ուզում զիջել ՀՀԿ-ին։ Չի կարելի էմոցիոնալ դաշտում որոշում կայացնել։ Ոչ մի միլիմետր չպետք է զիջեք այս հանցավոր իշխանություններին։ Ինչ որ ունի ընդդիմությունը, պետք է կրկնապատկել, ոչ թե զիջել իշխանություններին»։
Նրա խոսքով՝ այս պահին ընդդիմությունն ունի կոնկրետ արդյունք. չկա քվեարկության արդյունք եւ հաշվիչ հանձնաժողովի համապատասխան արձանագրություն։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











