Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի մոտ  ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի վավերացման դեմ իրենց բողոքը հայտնելու եկած քաղաքացիների մեջ էր նաեւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու), որն ասաց, որ այսօրվա հավաքը առիթ էր ժողովրդի բողոքի ձայնը բարձրացնելու բոլոր անարդարությունների դեմ։

«Էստեղ, կարծում եմ , ինչպես ես, այնպես էլ շատ շատերը, եկել ենք ոչ միայն այս պայմանագրի դեմ մեր ձայնը բարձրացնելու: Այսօր մենք դեմ ենք կենսաթոշակայինին, վաղը մենք դեմ ենք «Գազպրոմին», մյուս օրը՝ այսինչ պայմանագրին: Իրականում այս դրվագված պայքարը սխալ է: Մենք պետք է հասկանանք, որ պետք է ընդհանուր համակարգի դեմ պայքարենք, ու վստահ եմ՝ այստեղ եկած մարդկանց պարզապես առիթ էր պետք` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը՝ նշելով որ իրեն չարդարացրած կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք չունի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծելու կամ գազի ներմուծման պայմանները փոխելու հնարավորությունից։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր:

Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվումէ ,ո ր 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարությանբ միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացման որոշումը չի ընդունվել, հետեւաբար համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ: