Վարդան Պետրոսյանի կալանքը երկարաձգելու մասին դատավարությունը րոպեներ առաջ է սկսվել, չնայած նախատեսված էր ժամը 12։00-ին։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել՝ հարցը քննելու Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ քննիչը ոչ թե Եղվարդի քննիչ Հայկ Հակոբյանն է, այլ Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, որին թույլ չեն տվել մասնակցել նիստին։ (ֆոտոռեպորտաժ)

«Նիստին մասնակցելու միջնորդություն ներկայացրի, սակայն դատարանը մերժեց այն»,- նշեց Բալոյանը։

Նշենք, որ ժամը11։30-ից դատարանի առջեւ են հավաքվել Վարդան Պետրոսյանին սատարող մարդիկ, ընկերներն ու հարազատները։ Նրանց թվում են դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, և արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանական մեքենայով բերեցին Վարդան Պետրոսյանին, ում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am