Այս տարի երիտասարդների ամենասպասված տոները Հայաստանում կնշվեն երեք հաջորդական օրերի ընթացքում։  Փետրվարի 13-ի երեկոյան կսկսվի մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը, հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին կաթոլիկ եկեղեցու Սուրբ Վալենտինի տոնն է, որը նույնպես վերջին տարիներին մեծ տարածում ունի Հայաստանում, նույն օրը երեկոյան իրենց ապագա կողակիցներին երազում տեսնելու հույսով երիտասարդները կուտեն աղի բլիթ ու փետրվարի 15-ին կնշեն Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Միմյանց հաջորդող եկեղեցական տոներին ընդառաջ NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ:

Սուրբ Վալենտինի տոնի մասին քահանան չցանկացավ խոսել՝ այն անվանելով «լավ կազմակերպված բիզնես». «Եվրոպական այդ տոնը գումար աշխատելու միջոց է` վաճառված ծաղիկների, բացիկների և այլ նվերների միջոցով»:

Դրա փոխարեն հայ առաքելական եկեղեցին տարբեր միջոցառումներ է կազմակերպել Սուրբ Սարգսի տոնի համար։

«Այդ օրը երիտասարդները միշտ էլ եկել են եկեղեցի: Տոնի օրը մատուցվում է Սուրբ պատարագ, որն այս տարի արժևորվելու է նաև մեծ խաչապտույտով: Պատարագից հետո Սրբ. Սարգիս եկեղեցու մոտից մի քանի հարյուրանոց բազմությամբ երիտասարդներ, հոգևորականներ, ոստիկաններ, զինվորականներ թմբուկահարների ուղեկցությամբ և խաչվառներով շարժվելու են Մաշտոցի պողոտայով մինչև Բաղրամյան փողոց, այնտեղից էլ` Սիրահարների պուրակ, որտեղ տեղի կունենա համերգ «Ռեինկարնացիա» խմբի մասնակցությամբ: Այսինքն` ամեն ինչ արվում է, որ այդ օրը երիտասարդների համար դառնա հետաքրքիր, ուրախ և զվարճալի»,- ասաց Տեր Շմավոնը։

Ինչ վերաբերում է Տեառնընդառաջին, այս տոնը առանձնահատուկ է նշվում այն ընտանիքներում, որտեղ կան նորապսակներ:

«Տեառնընդառաջը, ինչպես ցանկացած եկեղեցական տոն, սկսվում է նախորդ օրը երեկոյան ժամը 5-ից՝ ժամերգությամբ։ Այս տոնն իր մեջ խորհուրդ ունի Տիրոջն ընդառաջ գնալու: Այսինքն` հրեաների մոտ ավանդույթ կար, որ 40 օրական երեխաներին բերում էին տաճար, ընծայում էին տաճարին և նույնպիսի ավանդույթի համաձայն՝ Քրիստոս մանկանը տարան տաճար և այնտեղ ընծայեցին Աստծուն: Նրանց ընդառաջ դուրս եկավ Սիմեոն ծերունին, ում տրված չէր մեռնել այնքան ժամանակ, մինչև նա չտեսնի Իսրայելի փառքն ու ժողովրդի փրկությունը, որն էլ Քրիստոսի ծնունդն էր: Սիմեոն ծերունին առաջ գալով` ձեռքերի մեջ վերցրեց Քրիստոսին, և այդ տոնը քրիստոնյաներն ընդունեցին, ու արդեն երկար ժամանակ է, ինչ այն նշվում է»,- պատմեց քահանան։

Ըստ ավանդույթի, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 13-ի երեկոյան, նորապսակները ցատկում են կրակի վրայով, որպեսզի հաջողությունն ուղեկցի նրանց:  Տեր Շմավոնի խոսքով, չնայած Տեառնընդառաջը համարվում է նաև նորապսակների օրհնության օր, կրակի վրայով ցատկելը եկեղեցական որեւէ խորհուրդ չունի. «Դա ժողովրդական ավանդույթ է ու պարտադիր բնույթ չի կրում: Ժամանակին մարդիկ ցատկել են կրակի վրայով` որպես տոնի հետ կապված ժամանցային խաղ: Այսպիսի մի ավանդույթ գոյություն ունի նաև Սուրբ Սարգսի տոնին, աղաբլիթ ուտելը, որի մեջ ոչ մի աստվածաբանական բացատրություն չկա, չկա ճշմարտացիության ոչ մի հատիկ: Աղաբլիթ ուտելը պարզապես ևս մեկ գեղեցիկ ժողովրդական ավանդույթ է, որը չի հակասում մեր եկեղեցուն»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am