Ղազար Հովասափյանը, որը  հրաշքով փրկվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած դաժան ջարդերից, NEWS.am-ի թղթակցին պատմել է հայերի տների վրա ադրբեջանցիների սանձարձակ ամբոխի ահավոր հարձակումների  մասին: «Ադրբեջանցիները նախապես պատրաստվել էին: Նրանք պայմանական նշան ունեին. գիշերը բոլոր ադրբեջանցիները պետք է անջատեին լույսերը, հայերը չգիտեին այդ մասին, համապատասխանաբար էլ, ում լույսը վառն էր մնում, նշանակում է, այնտեղ հայկական ընտանիք էր: Այդպես նրանք ներխուժում էին հայերի տները, ավերում, կոտրում, բռնաբարում, սպանում», - հիշում է Ղազար Հովասափյանը:

Ղազար պապը բազմաչարչար աչքերում արտացոլված սարսափով  պատմեց, որ իր ընկերոջ հղի կնոջը մերկացրին, դուրս բերեցին փողոց եւ ամբողջ մարմնի վրա սկսեցին ծխացող սիգարետներ հանգցնել:  «Նրանք գազաններ են, ի՞նչ պատմեմ նրանց մասին», - իրեն հազիվ զսպելով մրմնջաց նա: Ղազար պապի խոսքով՝ ադրբեջանցիներն ահավոր բաներ են արել, եւ նման դեպքերը բազմաթիվ էին: Նա եւս մեկ դեպք է հիշել, արդեն իր հարազատների հետ կապված: «Երկու եղբայր, իրենց տունը պաշտպանելով, մինչեւ վերջ պայքարեցին անմարդկային հանցագործների դեմ, սակայն ցավոք նրանց սպանեցին: Ջահել տղաներ էին, նոր էին բանակից վերադարձել:

Մեր հարազատների  մեջ մի երաժիշտ էլ կար, երիտասարդ կլարնետահար: Երբ ադրբեջանցիները ներխուժեցին նրանց տուն, նա նույնպես հուսահատ դիմադրում էր, սակայն նրան էլ սպանեցին` նետելով պատշգամբից», - շարունակեց Ղազար Հովասափյանը՝ հավելելով, որ բռնաբարում, սպանում էին երիտասարդ աղջիկներին, չէին խնայում ոչ ծերերին, ոչ երեխաներին: «Մենք պայքարեցինք երեք օր, ոչ ոք մեզ օգնության չեկավ, հետո եկավ Խորհրդային բանակը, ողջ մնացած մարդիկ հավաքվեցին եւ անմիջապես Հայաստան եկան` Աղվերանի հանգստյան տուն: Այնուհետեւ Բալահովիտ գյուղում Սումգայիթ թաղամաս կառուցեցին, այժմ այն կոչվում է «Ծաղկունք», ներկայումս այստեղ ապրում է 80 հայկական ընտանիք», - ասաց Ղազար պապը:

Հարցին, թե ինչպես է նրա ընտանիքին հաջողվել փրկվել, նա պատասխանել է. «Մեզ նախապես ասել էին դուրս գալ տանից եւ ես, կինս ոը տղաս գնացել էինք ակումբ: Մինչ այդ կինս աշխատում էր խանութում, ադրբեջանցիները մտել էին խանութ ու սպառնացել դանակներով, նա շատ էր վախեցել, ինչի արդյունքում շաքարային դիաբետով էր հիվանդացել ու  55 տարեկանում մահացել էր արդեն Հայաստանում: Այդ ժամանակ որդիս ու դուստրս Ռուսաստանում էին, իսկ փոքր որդիս մեզ հետ էր»:

Ղազար պապիկը նշել է, որ նախքան կոտորածները հայերն իրենց ադրբեջանցի հարեւանների հետ խաղաղ կենակցում էին ու անգամ չէին էլ մտածում, որ նման ողբերգական իրադարձություններ տեղի կունենան:  Այդ ժամանակ նա եւս մի դրվագ է հիշել. «Երբ ես նայում էին մեր շքամուտքի բնակիչների ցուցակը, տեսա, որ իմ անունը, չգիտես ինչու, ջնջված էր: Այդ ամենն արել էր թաղայինը, ադրբեջանցիները մանրամասնորեն նախապատրաստվել էին»:

Խոսելով ադրբեջանցիների մասին՝ Ղազար պապիկը բարի ժպիտով ընդգծեց. «ախր ժողովուրդը կապ չունի, ամեն ինչ արել է ալիեւյան կլանը: Ես կցանկանայի, որ մեր ազգերը հաշտվեին, որ միասին ապրենք, ինչպես այն ժամանակ: Սակայն Ադրբեջանի ներկայիս նախագահը մարդասպանին հերոսի կոչում է շնորհում, իսկ նա մարդ էր սպանել միայն նրա համար, որ նա հայ էր»:

1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք այդ քաղաքի անունը դարձրին ռասիզմի խորհրդանիշ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ երեք օրերի ընթացքում Սումգայիթում սպանվել է ավելի քան 30 հայ, հարյուրավոր հայեր վիրավորվել են եւ խեղվել, շտերն անհետ կորել են: Կողոպտվել են հայերի հարյուրավոր բնակարաններ: Քաղաքի բազմահազար հայ բնակչությունը տեղահանվել է:

Տաթեւիկ Ղազարյան