Երեւան-Եղվարդ ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում Հայաստանի ոստիկանությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը Skype-ով ասաց Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտության եւ վերլուծության ասոցիացիայի փոխնախագահ, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին՝ ներկայացնելով վթարի մոդելավորումը։
Մոլեդավորումը արվել է PS Crash ծրագրի միջոցով, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում եւ այն օգտագործում են հայտնի փորձագետներ։ Միջազգային փորձագետն ասաց, որ ունենալով ելակետային տվյալները, այդ ծրագրով հնարավոր է շատ հստակ պատկերել մեքենաների շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ եւ վթարից հետո։ Գուստավ Կասանիցկին նշեց, որ ոստիկանության լուսանկարներում չեն եղել մեքենաների հետքերը, դրանք հնարավոր է տեսնել վթարի վայրում արված այլ լուսանկարներում։ Փորձագետն ասաց, որ մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթեւեկելի մասում, ոչ թե կողնակում, ինչը վկայում են նաեւ լուսանկարներում առկա հետքերը։ Նրա փոխանցմամբ՝ «Նիվան» հետընթաց է կատարել, եւ բախման հետեւանքով 180 աստիճան շրջվել։ Նա նաեւ նշեց, որ այդ հատվածում ճանապարհային նշանների բացակայությունը վթարին նպաստող հանգամանքներ են եղել եւ մեծ դեր են ունեցել, բայց վթարի պատճառը, միջազգային փորձագետի խոսքով, «Նիվայի» վարորդի մեքենան սխալ վարելն էր։
Ներկայացնելով վթարի մոդելավորումը՝ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «ԲՄՎ-ի» առջեւի մասը՝ ռադիատորները, ամբողջությամբ կոտրված են, «Նիվայից» հեղուկ է թափված, կոտրված են նաեւ «Նիվայի» ապակինները, ինչը նշանակում է, որ որտեղ թափվել է հեղուկը եւ կուտակվել ապակիները, այդտեղ էլ եղել է վթարը։ «Իսկ հեղուկը թափված է բանուկ մասի վրա, բեկորները մխրճված են ասֆալտի վրա։ Եթե կողնակի վրա վթար լիներ, պետք էր հեղուկը թափվեր կողնակի վրա, մինչդեռ դրանք ամբողջությամբ թափված են ասֆալտի վրա։ Եւ եթե վթարը կողնակում լիներ, հետվթարային դիրքերը այլ կերպ կլինեին։ Վթարը տեղի է ունեցել, կոտրվել են Վարդան Պետրոսյանի ռադիատորները, հեղուկը ուղղահայաց թափվել է, եթե կողնակի վրա է եղել վթարը, ո՞ւր է հեղուկը, ո՞ւր է ապակին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կողասահքի հետքերը չի արձանագրել, մինչդեռ դա ակնհայտ է լուսանկարներում։
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ «ԲՄՎ»-ն գալիս է առաջին գոտիում, իսկ «Նիվան» հետընթաց է կատարում բանուկ մաս, մինչդեռ, նրա խոսքով, խաչմերուկում հետընթաց չի թույլատրվում։ «Նիվան վերջին պահին արգելակում է մեքենան, բայց արդեն վտանգավոր է եղել, ինքը պարտավոր էր մարդ իջեցնել, դուրսը կանգներ եւ նայեր՝ ինչ է եղել։ Ես կարծում եմ, որ իրենք բաց են թողել Աշտարակ գնացող ճանապարհը, փորձել են հետ գալ հողածածկով եւ մտնել ճանապարհ»,- ասաց փաստաբանը։
Ասուլիսի բանախոսներից՝ «Աքիլլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով վթարին, ուշադրությունը հրավիրեց մի շարք հանգամանքների վրա, օրինակ՝ ճանապարհային նշանների բացակայություն»։ Ինչ վերաբերում է «Նիվա» մեքենային, ապա նա բարձրաձայնեց մի շարք խախտումներ՝ «Նիվայի» մգեցված ապակինները, ինչպես նաեւ գազի բալոնի տեղադրումը։ «Մեքենան կողային հայելի չի ունեցել, հետեւաբար իրավունք չուներ այդպես մգեցներ ապակիները։ Ինչ վերաբերում է գազի բալոնին, ապա «Նիվան» պետք է ունենար համապատասխան փաստաթղթեր դրա համար, որը, սակայն, չունի»,-ասաց նա։











