«Սադրիչ ոստիկանները խուլիգաններ են», «Պահանջում ենք դադարեցնել քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ». նման գրությամբ պաստառներով մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ ապրիլի 4-ին, հավաքվել են Ոստիկանության գլխավոր քննչական վարչության մոտ՝ աջակցելու «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդու Շահեն Հարությանին, որի դեմ մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 5-ի բախումների ժամանակ ոստիկանին բարձրախոսով հարվածելու համար:
Նրանք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը Շահեն Հարությունյանի նկատմամբ, որին այսօր կանչել են Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն։
«Սա քաղաքական հետապնդում է այս ընտանիքի նկատմամբ, 1968թ. պապու նկատմամբ, 1983թ., 2008թ., 2013թ. նրա հոր՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ, իսկ հիմա՝ Շահեն Հարությունյանի: Այժմ համակարգի անունը փոխվել է, բայց բովանդակությունը չի փոխվել: Քաղաքական հետապնդում է իրականացվում մի ընտանիքի նկատմամբ, որը պայքարում է Հայաստանի արժանապատվության համար: Շահենը պատանդ է, Շանթի եւ նրա ընկերներին ճնշելու համար»,- ՔԳՎ-ի մոտ հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Շահեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ կարծում է, որ իր դեմ մեղադրանք են առաջադրել Շանթ Հարությունյանին ճնշելու համար. «Ոչ ես, ոչ հայրս, ոչ իր ընկերները խուլիգաններ չենք, այսպես ուզում են ճնշում գործադրել հայրիկիս եւ նրանց վրա»։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն զորակցելու են գնացել «Նախախորհրդարանի» անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Շահեն Հարությունյանը, նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, եւ փաստաբան Կարինե Խաչատրյանը քիչ առաջ դուրս եկան Ոստիկանության գլխավոր քննչական վարչության շենքից:
«Այսօր, այս գործով նախաքննությունը ավարտվեց, մեզ կտրամադրեն գործի նյութերը, դրանց մենք կծանոթանանք: Կարող եմ ասել, որ մեղադրանքն անհիմն է եւ վտանգ է պարունակում հետագայում երթերի եւ խոսքի ազատության առումով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարինե Խաչատրյանը:
Այժմ քաղաքացիները շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
Նրանք քայլում են Աբովյան փողոցով ու կոչ են անում մարդկանց միանալ իրենց՝ պահանջելով, որպեսզի դադարեցվի քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
«5 ամիս էր պետք, որ ոստիկանությունը մեղադրանք հնարեր Շահենի դեմ, նրա դեմ հետանդումը քրեական է»,- երթի ժամանակ բարձրախոսով հայտարարում է իրավապատշտպան Արթուր Սաքունցը:
Նշենք, որ Շահեն Հարությունյանին ապրիլի 2-ին կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն եւ մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ոստիկան Գեղամ Խաչատրյանին նոյեմբերի 5-ին բարձրախոսով խփելու համար: Ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 11:00-ին, նրան նորից կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Շահենին սատարող քաղաքացիները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել շենքի մոտ: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ը ներգրավվել էին որպես վկա եւ ազատվել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:











