«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիի թատերական հրապարակում կազմակերպած նախահավաքից հետո մի խումբ գյումրեցիների հետ քայլեց դեպի կենտրոնական հրապարակ՝ Սուրբ  Յոթ Վերք եկեղեցում մոմ վառեց, լուսանկարվեց գյումրեցի երիտասարդների հետ ու  դուրս եկավ զրուցելու:

Գյումրեցիներին հարցերը հիմնականում կապված էին վարչապետի հրաժարականի նաեւ երկրի ապագայի հետ: «Ի՞նչ է լինելու մեր երկրի ապագայի հետ, ինչպե՞ս են տարեցները օր օրի գնաճների հետ համակերպվելու, էս անօրեն երկրում մի բան փոխվելու է թե ո՞չ»- Րաֆֆի Հովհաննիսյանին հարցեր ուղղեցին եկեղեցու բակում հավաքված  գյումրեցիները:

Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հուսադրեց. «Դուք դեռ կտեսնեք, մեր վաղվա լավ ապագան հենց  մեր միասնական պայքարի, ուժի ու կամքի  մեջ է, մենք միասին պետք է պայքարենք ու առաջ գնանք»:

Գյումրեցիները կես կատակ, կես լուրջ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրին, թե հնարավոր է արդյոք հենց նա լինի վարչապետի պաշտոնի թեկնածուն, ինչին վարչապետը պատասխանեց նույն տրամադրությամբ, թե՝ անհնար ոչինչ չկա:

Գյումրիում նախահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը նույն բովանդակությամբ էր, ինչ մի քանի ժամ առաջ վանաձորցիների հետ հանդիպմանը. վարչապետ փոխելով երկրի վիճակը չի փոխվի, անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն:

Գյումրեցիներին Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս հանդիպումը վերջին նախահավաքն  էր: Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Երեւանում: