Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակում նախորդ տարվա նոյեմբերի 1-ին ՀԱԿ չորս անդամներին դանակով սպառնալու մեջ մեղադրվող, անմեղսունակ ճանաչված Արսեն Օհանյանին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ ապրիլի 22-ին, ազատեց քրեական պատասխանատվությունից: Դատավոր Մ. Մարտիրոսյանը որոշում կայացրեց ամբաստանյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու և նրան հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում տեղավորելու մասին:
Գործով տուժող՝ ՀԱԿ չորս անդամները ներկա չէին դատական նիստին: Նրանց ներկայացուցիչը դատարանում ընթերցեց նախաքննության ընթացքում տված նրանց ցուցմունքները, որտեղ բոլորն էլ նշել էին, որ Արսեն Օհանյանն իրենց, ՀԱԿ մյուս անդամների ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հայոյանքներ է հնչեցրել, երկու մեծ դաշույնով սպառնացել իրենց, հայտարարել, որ «Սպիտակցի Մաթոսը» սպանելու է Լեւոն Զուրաբյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրանք նշել էին, որ Արսեն Օհանյանը ոչ մի այլ պահանջ չի ներկայացրել, բացի նրանից, որ Զուրաբյանն այլևս ելույթ չունենա Ագային ժողովում:
Լեւոն Զուրաբյանին տեսնելու և նրա հետ խոսելու իր ցանկությունն ամբաստանյալն այս կերպ մեկնաբանեց. «Ես գնացել էի, որ ասեի, որ պատգամավորները պետք է հանդես գան իրենց ընտրողներին չբավարարող անհրաժեշտ հարցերի հարցապնդումներով, այլ ոչ թե նստաշրջաններում վիրավորեն կառավարությանը, անձնական վիրավորանքներ տան վարչապետին կամ զբաղվեն հայերենի ստուգաբանությամբ: Իրենք՝ պատգամավորները հիմա տենց են անում: Իսկ ես երկար ժամանակ հետևում եմ նստաշրջաններին, պատգամավորները ելույթ են ունենում վերևից՝ ինչպես նախագահ»:
Ամբաստանյալը պատմեց, որ գնացել է ՀԱԿ գրասենյակ, հարցրել, թե որտեղ է նստում Լեւոն Զուրաբյանը, ասել , որ նրան ուզում է տեսնել «որոշ նկատառումներ անելու համար»: Արսեն Օհանյանը պատմեց, որ իրեն վրդովեցրել է Վանո Սիրադեղյանի նկարը, որը տեսել է ՀԱԿ գրասենյակի պատին փակցված: Նրա խոսքով, ՀԱԿ անդամներից մեկն իրեն ասել է՝ «Էս երկիր չի ախպեր, թողեք, ստեղից գնացեք», մյուսը քմծիծաղ է տվել, ինչից ինքը վիրավորվել է:
«Ես վիրավորվեցի, վրդովմունքս վիրավորանքով արտահայտեցի: Մյուսը վեր կացավ, իր վրդովմունքը արտահայտեց: Էդ ժանանակ մեկը նստած տեղից հարձակվեց վրես: Ես էդ պահին ավելի վրդովված էի Վանո Սիրադեղյանի նկարից, որ Վանո Սիրադեղյանը, որ պետական դավաճան ա ճանաչված, իրավունք չունի ռեկլամվի թեկուզ ՀՀՇ կամ այլ վարչությունում, բայց իրա նկարն իրանց համար կուռք ա: Ու ես դանակը հանեցի, որ հանկարծ ինձ չծեծեն»,-դատարանում ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ տուժողների պատմածը զրպարտություն է:
Ամբաստանյալի պաշտպանը դատարանից խնդրեց կարճել գործի վարույթը՝ նշելով, որ ամբաստանյալը աշխատասեր, զուսպ անձնավորություն է, Սպիտակ քաղաքում, որտեղ ապրում է, հիմնել է Սպիտակի պատմության թանգարան, 1991-1996 թթ. եղել է Սպիտակի քաղխորհրդի նախագահ:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության 2013 թ. նոյեմբերի 1-ին Արսեն Օհանյանը, լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան, գնացել է Սարյան փող. 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխան, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակ և սկսել սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին`նրանց վնասելու իրական հնարավորություն ունենալով:











