Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին գտնվող Հերերի կամ ինչպես հասարակությունն է անվանում՝ «Ջարդի ձորը» ապրիլի 24-ին մարդաշատ էր:

Երկու մարզերի բնակիչները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, նաեւ Աժ շիրակցի պատգամավորները ինչպես ամեն տարի՝ այս օրը, այցելել են Հերերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին: Այս տարի ձորում ավելի շատ երիտասարդներն ու ուսանողներն էին, որոնք Գյումրիից քայլերթով, պահանջատիրական կոչերով ու պաստառներով  հասան մինչեւ «Ջարդի ձոր»:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը մասնագիտությամբ պատմաբան է, խոսելով 99 տարի առաջ կատարված ոճրագործության մասին անդրադառնալով Թուրքիայի վարչապետ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձին, ասաց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունը կարելի է համարել ճանաչման սկիզբը։

«Եթե նայենք պատմական հիմքերին ու փաստերին, ապա  Ցեղասպանությունը մինչեւ 15 թվականն է սկսվել՝ Սուլթան Աբդուլ Համիդ եւ՝ այսպես շարունակ, դրանից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները միմյանց շարունակությունն էին: Հիմա հայ ժողովրդին մի բան է պետք՝ համախմբվել, լինել մեկ միասնականություն, ուժեղ լինել, ավելի քան երբեւէ, մենք պետք է հավատանաք մեր ուժերին ու վստահ քայլեր անենք, որպեսզի աշխարհը ճանաչի։ Շատ երկրներ են ընդունել ու ճանաչել կատարվածը, բայց մեզ՝ հայերիս, պետք է, որ Թուրքիան պատասխան տա արած ոճիրի համար:Մենք անպայման հաղթելու ենք, ես հավատում եմ» -ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Շիրակից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, «գոնե այդ կերպ մեր վրեժը լուծած կհամարենք սպանված մեր հայրենակիցների համար։