Մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 24-ին ժամը 20։00-ին Կիևյան կամուրջից երկինք բաց թողեցին մոտ երեք հարյուր օդապարիկ-լապտերներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի (ֆոտոռեպորտաժ):
«Սա էլ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մի ուրիշ ձեւ էր։ Նախաձեռնությունը բոլորին դուր եկավ, սկզբում մոտ երեք հարյուր հոգի էինք, հետո հարյուրն էլ ավելացան։ Հարյուրավոր երկնային լապտերներ օդ բաց թողեցինք։ Յուրաքանչյուրն իր հետ կարմիր օդապարիկ էր բերել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Հայկ Մարկոսյանը։
Հայկ Մարկոսյանի խոսքով՝ կարմիր օդապարիկների օդ բարձրանալը խորհրդանշում էր ցեղասպանության զոհերի հոգիների երկինք բարձրանալը:
«Սա առաջին փորձն էր, մյուս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ավելի մեծ ու ազդեցիկ ակցիա կլինի: Սա ակցիա է ի լուր աշխարհի՝ ջայլամի նման գլուխը ավազը մտցրած պետությունների»,- ասաց նախաձեռնության կազմակերպիչը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











