Երեւանից 30 կմ հեռավորության վրա զրոյից հիմնել եմ «Հայասի» ընկերությունը՝ վարկ վերցնելով Հայաստանի բանկերից։  Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով սեփական ունեցվածքին վերաբերող թեմային։

«Ես իմ կյանքում ունեմ մի մասնավոր ձեռնարկ, որը «Հայասի Գռուպ» ընկերությունն է, որի սեփականատերն եմ ես, որը կառուցվել է Երեւանից 30-40 կմ հեռու, հողի վրա։ Դա ես կոպեկներով չեմ սեփականաշնորհել, ես վարկեր եմ վերցրել Հայաստանի մի քանի բանկերից, եւ զրոյից, քարը քարին դնելով, կառուցվել է եւ այսօր աշխատում է վարկով։ Ես նախաձեռնել եմ այդ ձեռնարկը, ես չեմ սեփականաշնորհել։ Հայաստանում չկա մեկը, ով կասի՝ Արթուր Բաղդասարյանը կամ «Օրինաց երկիրը» որեւէ կոռուպցիոն ռիսկի հետ կապ ունի, որ մենք մի քառակուսի մետր հող ենք սեփականաշնորհել կամ առել ենք։ Չկա նման բան։

Այս գործարանն իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ, բայց վարկերով, նորից եմ կրկնում, վարկերն այսօր էլ կան, այդ գործարան մի քանի հազար գյուղացի բերք են բերում, հանձնում։ Մենք ոչ մեկից չենք թալանել, չենք գողացել, զրոյից կառուցել ենք։ Ես սեփականատեր եմ, իսկ կոմպետենտ մարդիկ դա կառավարում են։ Իսկ եթե ես դա չանեի. Ձեզ հարց եմ տալիս, իսկ ինչո՞վ ապրեի, այդ ժամանակ չէիք ասի, ոնց եք ապրում ձեր, չգիտեմ, 250 հազար դրամ աշխատավարձով»,- ասաց Բաղդասարյանը, սակայն անմիջապես փորձեց շտկել ասածը՝ ավելացնելով, թե ինչպե՞ս են մարդիկ Հայաստանում ապրում ստանալով այդչափ աշխատավարձ։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո, առաջիկայում կհանդիպի երկրի նախագահի հետ, կանցկացնի մի շարք հանդիպումներ, այնուհետեւ որոշ ժամանակ կհանգստանա. «Մեկ շաբաթից իմ վեց հոգանոց ընտանիքի հետ կտեղափոխվեմ երեք սենյականոց բնակարանս, որը հիմա նորոգվում է, քանի որ վեց տարի այնտեղ ոչ ոք չի ապրել։ Ինչ վերաբերում է ծառայողական առանձնատանը, ապա այն այնքան ճոխ չէ, որքան դուք եք պատկերացնում»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am