«Բատկիվշչինայի» առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հատուկ տեսաուղերձով:

«Ուկրաինայի իսկական հերոս, մեր ընկեր, «Բատկիվշչինայի» պատգամավոր Վլադիմիր Ռիբակին Գորլովկայում տանջամահ էին արել Ռուսաստանի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները: Նրան, ինչպես եւ շատերին, սպանել էին: Ես կանգ չեմ առնի, քանի դեռ մարդասպաններն արդարադատության ձեռքը չեն հանձնվել: Ես Վլադիմիր Պուտինին, որը չհայտարարված պատերազմ է իրականացնում Ուկրաինայի դեմ, անձամբ պատասխանատու եմ համարում այս իրադրության համար», – հայտարարել է Տիմոշենկոն:

«Այժմ ես  անմիջապես նրան եմ դիմում. մենք չենք պայքարում Ռուսաստանի ժողովրդի դեմ: Մենք պայքարում ենք ձեր կայսերական հավակնությունների դեմ: Ուկրաինային պարտադրված պատերազմը կդառնա ձեր վարչակարգի վերջը: Չկասկածեք. Մենք կհաղթենք, իսկ ձեր մարդիկ պատասխան կտան բոլոր հանցագործությունների համար: Ուկրաինան միասնական եւ խաղաղ կլինի:  Փառք Ուկրաինային», - ասել է Տիմոշենկոն: