Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 25-ին, Լյուքս Ստեփանյանի հոր նկատմամբ սանկցիա է կիրառել:

Մահացած զինվորի հայրը վրդովվել է ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանի ելույթի ժամանակ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբանը հարցեր է ուղղել վկայություն տվող փորձագետին այն մասին, թե կրակոցի ժամանակ ինչ դիրքում է եղել Լյուքս Ստեփանյանը, եւ ավելի ճշգրիտ մանրամասներ ստանալու համար անձամբ ընդունել է ենթադրյալ դիրքը եւ բացի դրանից անընդհատ ցույց է տվել սպանվածի փորձագիտական լուսանկարը, ինչը հունից հանել է Լյուքսի հորը, որը կանգնել է, հարձակվել փաստաբան Երեմ Սարգսյանի վրա ու սկսել հայհոյել։

«Մայրը ստեղ նստած ա, ինչի ես տենց ցույց տալիս ... տղեն չկա, մերը ստեղ նստած ա... չմո, հիմար լակոտ, արա»,- ասաց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը։

Դատական կարգադրիչները նրան դատարանի դահլիճից դուրս են տարել, որից հետո պատասխանող կողմի միջնորդությամբ դատարանը սանկցիա է կիրառել նրա նկատմամբ:

Ավելի ուշ դատարանի կարգադրիչները դուրս են բերել Լյուքս Ստեփանյանի եւս մեկ հարազատի, որը Երեմ Սարգսյանին նկատողություն արեց. «Հերիք ա ցույց տաս էդ նկարը»։

Փորձագետների հարցաքննության ժամանակ ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հարցերով փորձում էր ապացուցել պաշտպանական կողմի այն վարկածը, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի վրա նշան չի բռնել, գնդակը դիպչել է պատին՝ նոր միայն Լյուքսին։

Դատաքննության փուլն այսօր ավարտվեց, սկսվեց դատական վիճաբանությունների փուլը, առաջին նիստը մայիսի 8-ին է։

Նշենք, որ այս գործով նախորդ դատական նիստերն անցել են չափազանց լարված մթնոլորտում։ Նիստերից մեկի ժամանակ սպանված զինծառայողի հայրն ինքնասպանության փորձ էր արել՝ փորձելով նետվել դատարանի շենքի երկրորդ հարկի պատշգամբից, Լյուքս Ստեփանյանի հարազատները չեն կարողանում զսպել իրենց զայրույթն ամեն անգամ ամբաստանյալին տեսնելիս։ Վերջին նիստերից մեկի ժամանակ նրանք վիրավորել էին նաեւ ամբաստանյալի փաստաբանին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: