Դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված ավտովթարի ժամանակ տուժող Էմմա Հակոբյանը «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ նստած է եղել վարորդի եւ նրա կողքի ուղեւորի մեջտեղում՝ դեմքով դեպի հետեւում նստածները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում գործով հերթական նիստին ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որն իր վարկածը հաստատելու համար վկայակոչեց դեպքից օրեր անց Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցը NEWS.am-ին։ Նույնը, ըստ փաստաբանի, փաստում է վթարից տուժած Էմմա եւ Տաթեւ Հակոբյանների վնասվածքների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
«Տաթեւը ստացել է հետեւից ուժեղ հարված, իսկ Էմման՝ քթի եւ կողի ազդրի կոտրվածք, ինչը բնորոշ չէ հետեւում նստող անձի կոտրվածքներին։ Մենք բարձրացրել ենք այն հարցը, թե ինչու է նախաքննական մարմինը փոխել անձի տեղը»,- NEWS.am-ին ասաց փաստաբանը։
Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել է ներկայացված տեսանյութը և դրա վերծանումը կցել քրեական գործին: Գործով դատախազ Արթուր Սարգսյանն առարկել է՝ պատճառաբանելով, որ քաղաքացու զրույցն անիմաստ է քրեական գործին կցելը: Դեմ է արտահայտվել նաեւ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, սակայն դատավորը որոշել է ներկայացված ապացույցները կցել քրեական գործին։
Դատական նիստին նաեւ հետազոտվել է դեպքի վայրի նկարագրության արձանագրությունը, մեքենաների դիրքի նկարագրությունը, զննության մասնակիցների արձանագրությունները եւ տուժողների տված ցուցմունքները դեպքի վայրի վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով՝ քննիչի ներկայացրած եւ անկախ փորձագիտական կենտրոնից ստացված գծագրերում անհամապատասխանություն կա։
«Մենք նախօրոք դիմել էին փորձագիտական կենտրոն, որպեսզի իրենք չափագրեն դեպքի վայրը եւ իրենց ստացած գծագրի վրա տեղադրեցինք քննիչի կողմից մատնանշված ավտոմեքենաների վթարային դիրքերն ու հետքերը։ Պարզվեց, որ նախաքննության ներկայացրած գծագրում մեքենաները գտնվում են ոչ այն վայրում, որտեղ եղել են իրականում։ Քննիչի ներկայացրած գծագրի մեջ կա մի թիվ՝ 18.5, որը Վարդան Պետրոսյանի մեքենայի հեռավորությունն է խաչմերուկի սկզբնամասից։ Եթե հիմք ենք ընդունում այդ թիվը, Վարդան Պետրոսյանի մեքենան հայտնվում է կանաչապատ տարածքում։ Մինչդեռ նկարների մեջ երեւում է, որ այն գտնվել է հողածածկ տարածքում»,- ասաց փաստաբանը։
Թվերի տարբերությունը, փաստաբանի խոսքով, կարեւոր է, քանի որ մեքենայի արագության հաշվարկը կատարվում է հենց այդ թվերի հիման վրա։
«Ինչքան տարածությունը շատ, այնքան մեծանում է նվազագույն արագությունը։ Ինչքան շատ է վթարից հետո մեքենան անցնում, այդքան արագ է եղել ընթացքը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ իր բերած փաստերը հաշվի առնելով վերոնշյալ ապացույցները անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
«Հարցում ենք անցկացրել, թե ով է եղել ընթերական, պարզել ենք, որ Վազգեն Կարապետյան անունով համապատասխան մարդ չկա։ Երկուսն են, երկուսն էլ՝ շատ տարեց։ Փաստորեն իրենք գրել են, ինչ-որ մեկը ստորագրել է»,- ասաց փաստաբանը։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 16-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:











