Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի ժամանակ սթափ չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում գործով հերթական նիստին ասաց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը։
Նրա խոսքով՝ թեեւ նախաքննական մարմինը դերասանին սթափ է ճանաչել, սակայն այդ փաստաթուղթը չի կարելի հիմք ընդունել, քանի որ «սթափ» բառը գրված է ջնջումներով։
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությունն անհիմն է համարում։
«Ընդամենը «ս» տառի առաջին մասնիկը մի փոքր բարձր է տողից, քան մյուս «ս» տառերը։ Դա չի նշանակում, որ «սթափ» բառը սխալ է գրվել»,- դատական նիստից հետո NEWS.am-ին ասաց Նիկոլայն Բաղդասարյանը։
Այնուամենայնիվ, կասկածի տեղ չթողնելու համար պաշտպանական կողմը պատրաստվում էհարցում անցկացնել՝ պարզելու համար, թե նախաքննական արձանագրությունը կազմած մասնագետն իրականում ինչ է գրել, ջնջում կա, թե ոչ։
Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ միջնորդություն էր ներկայացրել որպես վկա դատարան կանչել նաեւ այն երեք անձանց, որոնք Վարդան Պետրոսյանին օգնել էին դուրս գալ մեքենայից վթարից հետո, եւ նրա մոտ խմածություն չէին նկատել։ Դատարանն այս միջնորդությունը բավարարել էր։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 16-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:











