«Հայերը դարձել են Ռուսաստանի ճորտերը, բռնել են ստրկության ուղին, իսկ պոռոտախոսները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալիկ Արզումանյանը, Արամ Սարգսյանը, որոնք դեմ են արտահայտվել Մաքսային Միությանը, լռում են, չեն միանում Պարույր Հայրիկյանին»: Այսօր՝ ապրիլի 25-ին, Հանրապետության հրապարակում, ԱԻՄ-ականների հավաքի ժամանակ, այս մասին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Հայերի համար սովորական է դարձել ռուսական խարանը: Մեր հարցը կարող է մեկ- երկու տարում լուծվել: Տաջիկներն իրենց ուղղագրությունը փոխեցին. ձախից աջ գրելու փոխարեն, հիմա աջից ձախ են գրում: Հայերս շատ քիչ փոփոխություն պիտի կատարենք, չենք կատարում, որովհետեւ ունենք խամաճիկ իշխանություններ, որոնք վախենում են ազգօգուտ ինչ-որ բան անել»,- իր ելույթում նշեց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանին, Ալիկ Արզումանյանին, Արամ Սարգսյանին անվանեց «պոռոտախոսներ, փառասեր ողորմելիներ»։
«Վերջ տվեք ձեր պոռոտախոսությանը, Ռուսաստանի արջեր, Ռուսաստանի ճորտեր: Եթե դուք ռուսական իմպերիալիզմի դեմ եք, ՄՄ-ին դեմ եք, էդ ի՞նչ փառասիրություն է ձեզ պատել, ինչո՞ւ չեք գալիս, միանաք: Ալիկ Արզումանյան պոռոտախոս, Րաֆֆի Հովհաննիսյան պոռոտախոս, Արամ Սարգսյան պոռոտախոս: Ու՞ր եք, Հայաստանը ստրկության ուղին է բռնել, 7ամիս է՝ ու՞ր եք: Եթե դուք փառասեր մեծամիտ ողորմելիներ չլինեիք, կզբաղվեիք այս հարցով»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Պարույր Հայրիկյանն նաեւ դժգոհեց,որ հանրահավաքը չի կարողացել անցկացնել Ազատության հրապարակում, քանի որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակը «մեկ ամսով վարձել է, սակայն այնտեղ ոչինչ չեն անում»։
Հանրահավաքից հետո ԱԻՄ-ականները քայլեցին դեպի Բաղրամյան 26, որպեսզի նախագահին փոխանցեն իրենց ուղերձը: Նրանք Սերժ Սարգսյանին կոչ էին անում չվավերացնել Մաքսային միությանն անդամագրվելու պայմանագիրը:











