Հայ նշանավոր գեղանկարիչներ Գառզուի, Ժանսեմի, Գայանե Խաչատրյանի 10 հայտնի աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Հայաստանում: Արվեստասերները այս, ինչպես նաև բազմաթիվ այլ գեղանկարիչների աշխատանքները, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող են տեսնել «Արամե» պատկերասրահում: «Նոր ընտրանի, 2014» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված է հայ դասական և ժամանակակից հեղինակների 70 աշխատանք` 50 գեղանկար և 20 քանդակ: (ֆոտոռեպորտաժ)
«Ներկայացված աշխատանքները պատկերասրահի սեփականությունն են, մենք ունենք աշխատանքներ, որոնք հեղինակների լավագույն աշխատանքներն են, ներկայացվել են մի շարք միջազգային ցուցահանդեսների: Միևնույն ժամանակ, մենք ներկայացնում ենք հայ ժամանակակից կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչների աշխատանքները: Դասական և ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների միաժամանակյա ցուցադրությունը թույլ է տալիս բացահայտելու սերունդների ստեղծագործական կապը, ինչպես նաև ցույց տալու հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը` նշելով, որ այս տարվա հունիսին կազմակերպելու են «Նատյուրմորտ» թեմային նվիրված ցուցահանդես: Նա նշեց նաև, որ այս տարվա աշնանը նախատեսվում է ներկայացնել գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի անհատական ցուցահանդեսը:











