Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հումորով է վերաբերվում մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը պաշտոնից զրկվելու է: ՀՀԿ խորհրդի նիստին եկած Գեղարքունիքի մարզպետը շատ բարձր տրամադրություն ուներ եւ անընդհատ ժպտում էր (ֆոտոռեպորտաժ):
«Տենց բան չկա, ես շարունակելու եմ աշխատել: Ոնց կորոշի ՀՀԿ խորհուրդը, այնպես էլ կանենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե շատ բարձր տրամադրություն ունեք եւ արդյոք դա նշանակում է, որ արդեն գիտեք, թե խորհուրդն ինչ է որոշել, մարզպետն արձագանքեց, որ ոչինչ դեռ չգիտի, ոչինչ դեռ որոշված չէ:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կատարած աշխատանքին, դա բարձր գնահատեց այն, նշելով, որ իրենք միասին աշխատել են:
Իսկ թե ով կլինի ԱԺ նոր նախագահը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը չպատասխանեց, նկատելով, որ մեկ ժամից ամեն բան հայտնի կլինի:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, որի անունը շրջանառում են, որպես ԿԳ նոր նախարար: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Այստեղ է նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, ով իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին կարճ ասաց. «Սպասեք կիմանաք»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս չպատասխանեց լրագրողների հարցերին, նշելով. «Չե՞ք հոգնում ինքներդ ձեզնից»:
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:











