Հունվարի 4-ին` 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքից 2 օր անց, հիվանդանոցում  ոչ ոք ճշտգրիտ չի իմացել, թե ինչի պատճառով է մահացել երեխան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  հարցաքննության ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի բուժքույր Սուսաննա Իսպիրյանը:

Բուժքույրը պատմեց, որ հունվարի 1-ին, երբ Լիա Միսակյանը հիվանդանոցում էր, ինքը հերթապահել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, եւ չի եղել Լիա Միսակյանի սենյակի բուժքույրը. «Ինձ մանրամասներ հայտնի չէ: Լիա Միսակյանը չի գտնվել իմ հսկողության տակ, ես տեղյակ չեմ»:

Դատախազ Դավիթ Կարապետյանի այն  հարցին, թե երբ է իմացել, որ հիվանդանոցում երեխա է մահացել, վկա Իսպիրյանը սկզբում ասաց. «Չեմ հիշում, իմ հաջորդ հերթապահությունը եղել է ամսի 6-ին,  եկել եմ  աշխատանքի, բայց չեմ իմացել, որ Լիան մահացել է»:

Դատախազը զարմացած հարցը կրկնեց.« Չիմացա՞ք, որ երեխա է մահացել Ձեր հիվանդանոցում, ե՞րբ իմացաք, որ երեխա է մահացել»:

Այս հարցից հետո վկան հիշեց՝ երբ է լսել երեխայի մահվան լուրը. «Որքան հիշում եմ՝ ամսի 4-ին իմացա տանը»:

 Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցին՝ արդյոք բուժքույրը չի հետաքրքրվել, թե  ինչն է դարձել Լիայի  մահվան պատճառը, վկա Սուսաննա Իսպիրյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ չեմ հետաքրքրվել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել, որովհետև ոչ ոք տեղյակ չի եղել ճշգրիտ»:

Վկայի հարցաքննության ընթացքում  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը կասկած հայտնեց, որ բժշկական կենտրոնի լաբորատորիան հունվարի 1-ին չի աշխատել:

Դատավոր Լևոն Ավետիսյանն էլ Արթուր Սաքունցին հավաստիացրեց, որ ինքը կպարզի՝  լաբորատորիան աշխատել է, թե ոչ. «Այնտեղի գրանցումները 6 ամիս պահվում են համակարգչում, ես խոստանում են ձեզ, դա կբացահայտեմ»:

Սուսաննա Իսպիրյանը Արթուր Սաքունցի հարցերին պատասխանելիս հունվարի 1-ի իրենց աշխատանքային օրը  բնութագրեց «ծանրաբեռնված», քանի  որ այդ օրն իրենց չի օգնել ցերեկային բուժքույրը. նրանք տոն օրերին  չեն աշխատում:

Մեղադրյալ Զարուհի  Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ օրերին  Այվազյանը  107 հիվանդ է սպասարկել:

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: Երեխայի հայր Գեորգի Միսակյանը կարծում է, որ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել: Հոր պնդմամբ՝ բավարար ուշադրություն չեն դարձրել երեխայի վրա, ժամանակին ճիշտ ախտորոշում չեն տվել:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: