14-ամյա Տիգրան Էդիկի Եգանյանը այսօր՝ ապրիլի 26-ի առավոտյան, 9-ամյա Արման Ապրեյանին եւ նրա պապին վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելով։ Այս մասին հաղորդում է Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը։

Արմանն ու իր պապը վրաերթի են ենթարկվել դպրոցի ճանապարհին՝ Չարենց եւ 3-րդ փողոցների խաչմերուկում: Տիգրանը, որը վարում էր իր հոր «LEXUS RX 300» մակնիշի «24 LO 897» պետհամարանիշի ավտոմեքենան, նույնպես դպրոցի ճանապարհին էր։

Արման Ապրեյանն այժմ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում է: Տուժածի մոտ ախտորոշվել է գլխի գանգուղեղային փակ վնասվածք, մարմնի տարբեր մասերում առկա  են բազմաթիվ սալջարդեր:

«Ձախ ականջի մոտ կա զարգացող հեմատոմա, տարբեր բնույթի զննություններ է անցել ու հիմա գտնվում է ստացիոնար հսկողության տակ, տղայի վիճակը միջին ծանրության է»,- NEWS.am-ին ասաց հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ազատ Բրուտյանը։

Արմանի պապի մոտ լուրջ վնասվածքներ չկան, նա հիվանդանոց չի դիմել: Դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանը NEWS.am-ին  ասաց, որ Տիգրանն այսօր առաջին անգամ է դպրոց մեքենայով  գնացել, բայց երեկոյան ժամերին հաճախ են նրան ավտոմեքենա վարելիս տեսել:

Տիգրանի հարազատները պնդում են, որ նա այսօր առանց ծնողների իմացության է մեքենան վերցրել։

Արման Ապրեյանի հոր համար ծնողների անտեղյակ լինելը պատճառաբանություն չէ։ «Թող ծնողներն ուշադիր լինեին, ո՞նց կլինի՝ ավտոյի բանալին վերցներ, դուրս գար ու հեչ մարդ տեղյակ չլիներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորիկ Ապրեյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում այսօր՝ ապրիլի 26-ին, առավոտյան 08։40-ի սահմանում, տեղի ունեցած վրաերթի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա Արման Ապրեյանը: Վարորդը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խնամու ընտանիքի անդամ է։