Երեւանի Շինարարների 15 հասցեում արդեն մի քանի օր է՝  վերամբարձ կռունկը քանդում է 5 հարկանի վթարային շենքը, որի առաջին հարկի բնակարաններից մեկում դեռ մարդիկ են բնակվում: Սամվել Ադամյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, չի պատրաստվում լքել իր բնակարանը, քանի որ գնալու տեղ չունի (ֆոտոռեպորտաժ):

«Յոթ մարդ ենք տանը, մեզ բոլորիս հատկացրել են 1 սենյականոց բնակարան: Ինձ օրենքով հասնում ա 3 սենյակ, մեկ սենյակ են հատկացրել: Ես շաքարային դիաբետով եմ հիվանդ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Անընդհատ տանն եմ, պառկած վիճակում: Ինձ հանգիստ ապրելակերպ է պետք: Մեզ հաճելի չի էս պայմաններում ապրելը: Սթրեսային վիճակ եմ տանում, կռանի ձայնն էլ ա ազդում վրաս, չեմ կարողանում այսպես»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ադամյանը:

Նա պատմեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, պահանջել, որ ինքն ազատի բնակարանը, մինչև անգամ սպառնացել են, որ եթե դուրս չգա, իրենից կվերցնեն նաև այն բնակարանը, որը հատկացրել են Մարգարյան 37 հասցեում:

Սամվել Ադամյանին այժմ իր նախկին կինն է խնամում, որն ամուսնու խնդիրը լուծելու համար փաստաբան է վարձել: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ իրենք Ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում են տվել, հայտնել, որ Շինարարների 15 հասցեի բնակիչների անվտանգության պահանջները ակնհայտ եւ կոպիտ կերպով խախտված են. ընտանիքը տան  մեջ՝ շենքը քանդվում է:

«Մենք հաղորդում ենք տվել, որով խնդրել ենք, որ  նման պայմաններում քանդման հրահանգ տված  պաշտոնատար անձին ենթարկեն պատասխանատվության»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ մինչեւ քանդման աշխատանքները բնակիչները զգուշացվել են. «Բայց դա չի նշանակում, որ եթե անձը չի ազատում բնակարանը, քարերը պիտի քանդեն նրա գլխին: Դա մարդկային չի»։

Փաստաբան Մուրադյանը նշեց, որ Սամվել Ադամյանի բնակարանն ունի երեք սենյակ, սակայն քաղաքապետարանը սխալ է թույլ տվել եւ այն գնահատել մեկ սենյակ:

Շենքի նախկին բնակիչներից Հասմիկ Հովակիմյանն էլ բողոքեց, որ նույն շենքի շատ ընտանիքներ, որոնք ունեցել են մեկ սենյականոց բնակարան, վերաբնակեցվել են մեկից ավելի սենյականոց բնակարանում:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ 2011թ. Շինարարներ 15 հասցեում գտնվող շենքը դարձել է խիստ վթարային և  բնակիչներից պահանջել են տեղափոխվել Սիսակյան 22 հասցեում կառուցված նոր շենք, 5 ընտանիք, այդ թվում Սամվել Ադամյանինը, հրաժարվել է տեղափոխվել այլ բնակարան՝ պահանջելով 1 սենյակի փոխարեն իրենց տրամադրել 2, իսկ 2-ի փոխարեն՝ 3 սենյակ:

«Մենք բնակիչներին համարժեք թվով բնակարաններ ենք հատկացրել: Ունեն մեկ սենյականոց, հատկացրել ենք մեկ սենյականոց: Նրանց ասածների մեջ չկա մի պահանջ, որը հիմնավոր լինի: Այն, որ ընտանիքի անդամների քանակը շատ է, այս ծրագրի հետ ոչ մի կապ չունի: Ի վերջո մի բան պետք է հաշվի առնենք, որ այսօր Երևանում կա 9 վթարային շենք: Ինչ որ ընտանիքին ավելին հատկացնել, նշանակում է մեկ այլ շենքում մի ընտանիքի չտեղափոխել նոր բնակարան»,-նշեց Վահե Նիկոյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ որոշ բնակիչներ ավելի մեծ թվով սենյակներով բնակարաններ են ստացել, նա նշեց, որ ոչ մի խախտում չկա, պարզապես 2011 թ. նախկին ավագանին քննարկել և որոշ ընտանիքների ավելի մեծ թվով սենյակներ է հատկացրել՝ որպես նվիրատվություն:

Նա տեղեկացրեց նաև, որ բնակարաններն ազատելու որոշման մեջ հստակ ժամկետը գրված է, թե բնակիչները մինչև երբ պետք է ազատեն այն՝ նշելով, որ հակառակ դեպքում  նոր բնակարանը հետ կվերցվի նրանցից: