Մոտ երկու շաբաթ առաջ Երեւանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխված 3 տարեկան արու յագուարը բնակվում է սովորական վանդակում։

Այգու տնօրենի օգնական Մանուկ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ չեն կարող կոնկրետ ժամանակահատված նշել, թե երբ կենդանին ազատավանդակ կտեղափոխվի՝ հույս հայտնելով, որ դա շատ ուշ չի լինի:

«Կենդանուն Հայաստան տեղափոխելիս ոչ մի խնդիր չի առաջացել: Թեեւ կենդանու հայրենիքի և այստեղի կլիման չի համապատախանում, բայց տարբերությունը շատ մեծ չէ: Այստեղ գրեթե նույն պայմաններն են կենդանու համար, ինչ Վրաստանում: Իհարկե, ավելի լավ կլինի, որ թե իր, թե մյուս կենդանիների համար պայմանները լավացվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրենի օգնական Մանուկ Մանուկյանը՝ նշելով, որ կենդանու մոտ Հայաստան տեղափոխվելուց հետո ոչ մի խնդիր չի առաջացել:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում չի բացառվում ձեռք բերել նաև էգ յագուար, որը հնարավոր կդարձնի կենդանու բազմացումը: Երեւանի կենդանաբանական այգում էգ յագուրա կա, բայց այն 20 տարեկան է, եւ սերունդ տալու հնարավորությունը փոքր է։

Մանուկ Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ կենդանին դեռ խնամակալ չունի: Խնամակալը մասամբ կհոգա կենդանուն պահելու ծախսերը եւ անուն կմտածի կենդանու համար։

Յագուարի դիմաց Երեւանի կենդանաբանական այգին պտավոր էգ եղնիկ է նվիրել Թբիլիիի կենդանաբանական այգուն։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am