Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ դրված ծաղիկների հավաքն ու մշակումը զոհերի հիշատակման շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Ծիծեռնակաբերդում անցկացվող ավանդական ծաղկահավաքի ժամանակ NEWS.am-ին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը (ֆոտոռեպորտաժ

«Հինգշաբթի ես այստեղ էի եկել Վաշինգտոնի պատվիրակության հետ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. ջարդերի զոհերին: Սա հիշատակի օրվա այդ կարեւոր արարողության շարունակությունն է: Այս միջոցառումը երեխաներին նաեւ կամավորություն է սովորեցնում»,- NEWS.am-ին ասաց դեսպանը։

Ջոն Հեֆերնը առավոտյան ժամը 10:00-ից եկել էր Ծիծեռնակաբերդ եւ կամավորների հետ միասին  վարդերից, կակաչներից, մեխակներից առանձնացնում էր ծաղկաթերթերը եւ ցողունները: Այդ ծաղկաթերթերը չորացվելուց հետո կօգտագործվեն թղթի վերամշակման համար, իսկ ցողուններից կպատրաստվի պարարտախառնուրդ այգիների համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 5-րդ անգամ ապրիլի 24-ից հետո ծաղկահավաք է անցկացնում Վիվասել-ՄՏՍ-ի եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: