«S.O.S. Սեւան» նախաձեռնության անդամներն այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 11։00-ից բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով չընդունել Սեւանա լճից հավելյալ ջրառին վերաբերող կառավարության ներկայացրած օրինագիծը, որն ԱԺ այս քառօրյայի օրակարգում է (ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակիցները ԱԺ են եկել «Չենք հանձնի Սեւանը», «Պաշտոնյաների ագահությունը կործանում է Սեւանը» գրությամբ պաստառներով։

«Մեր այսօրվա ակցիան անցկացնում ենք հանուն մեր ապագայի։ Սեւանը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Հիմնավոր ապացույցներ ենք բերել, որ չի կարելի հինգ տարով այդքան ջուր բաց թողնել լճից եւ այդ կերպ ձկնաբուծություն զարգացնել։ Ջուրը բաց թողնելու հետեւանքով Սեւանա լիճը կճահճանա, բացի այդ ձկնաբուծության զարգացման հետեւանքով ջրի էկոլոգիան կփոխվի, Սեւանա լճում 0,91 տոկոս գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ կհայտնվեն, որը կճահճացնի Սեւանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը։

Նա նաեւ նշեց, որ բնակչությունն այժմ իրազեկված չէ լրացուցուիչ ջրառի հնարավոր հետեւանքների մասին։ Նշենք նաեւ, որ կառավարության մեկ որոշմամբ հաստատված է Սեւանա լճում իշխանի պաշարների վերկանգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը, որի համաձայն, Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50,000 տոննա ձուկ։ Բնապահպանները պահանջում են նաեւ չեղյալ հայտարարել կառավարության այդ որոշումը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում Սեւանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչեւ 240 միլիոն խմ-ի 5 տարի ժամկետով։ «S.O.S. Սևան» նախաձեռնությանն են միացել Էկոլոգիական հասարակական դաշինքը իր 50 կազմակերպություններով, Համահայկական բնապահպանական ճակատը, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Բլեջան» ՀԿ-ները:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am