Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը էթիկայից դուրս հայտարարություն է արել եւ նա Հայաստանում անելիք չունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, «Արարում եմ»  նախաձեռնության կազմակերպած՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթից առաջ  Ազատության հրապարակում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով օրերս դեսպանի արած այն հայտարարությանը, թե եթե ապակայունացնող գործոններ լինեն ԱՊՀ երկրներում, իրենք կոշտ արձագանք կտան (ֆոտոռեպորտաժ

«Գնում ենք ասելու, որ Ռուսաստանը բռնապետություն է, դեսպանն էլ՝ բռնապետության ներկայացուցիչ։ Թող վեշերը հավաքի, գնա։ Այստեղ անելիք չունի»,- լրագրողներին ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ոչ մի երկրի դեսպան մինչեւ հիմա չի համաձակվել նման հայտարարություն անել։ «Եթե Սերժ Սարգսյանը կարող է հանդուրժել այս հայտարարությունը, ապա մենք՝ ոչ»,- ասաց Սաքունցը՝ նշելով, որ դեսպանին հարկավոր է «պերսոնա նոն-գրատա» ճանաչել։

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանն ասել էր, որ ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:

Բողոքի երթը, որի նպատակն էր բողոքի ձայն բարձրացնել Մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեմ, այդպես էլ չկայացավ. Ազատության հրապարակում կազմակերպիչներին մոտ մեկ ժամ ապարդյուն սպասելուց հետո մասնակիցները հայտարարեցին, որ ավելի մեծ երթ կիրականացնեն մայիսի 18-ին, որի նախաձեռնողներն են Արթուր Սաքունցն ու Պարույր Հայրիկյանը։  Վերջինը տեղում հանգանակություն կազմակերպեց՝ այդ օրվա ակցիայի ծախսերի համար։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին «Չեմ ուզում Պուտինի վասալը լինել», «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»,- գրությամբ պաստառներով։

Նախաձեռնությանը միացել էին նաեւ Պարույր Հայրիկյանն իր համախոհների հետ, նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախումների ժամանակ ձերբակալվածների հարազատները, որոնք հիշեցնում էին, որ նոյեմբերի 5-ին ձերբակալված իրենց հարազատները նույնպես դեմ էին Մաքսային միությանը։ Ակցիայի պաստառնեից մեկին գրված է. «Մաքսային միություն = է քաղբանտարկյալներ»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի` պետության ղեկավարների մակարդակով գերագույն նիստ կգումարվի, որտեղ կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի վրա տարվող աշխատանքները, նաեւ Հայաստանի՝ Մաքսային Միությանը, եւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության համընդհանուր տնտեսական տարածքին միավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») իրականացման ընթացքը։

NEWS.am-ը կապ հաստատեց «Արարում եմ» նախաձեռնության անդամներից Հովհաննես Եսայանի հետ, որը տեղեկացրեց, որ իրենք այսօրվա ակցիայի կազմակերպիչները չէին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am