«Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչներն այսօր` ապրիլի 28-ին, բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով չեղյալ համարել դատարանի այն որոշումը, որով այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել : Բնակիչները բողոքում են, որ որոշման հետևանքով իրենց անուններով մոտ 137 մլն դրամի հարկային պարտք է կուտակվել:

Նրանք ասացին, որ դատարանն իրավունք չուներ քաղաքացիական հայցի քննության շրջանակում որոշում կայացնելու, քանի դեռ իրենց նույն հաղորդման վրա հարուցված քրեական գործն ավարտին չէր հասել:

«Դատարանը որոշում է կայացրել՝ առանց հաշվի առնելու, որ քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել: Բնակիչների հարուցած քաղաքացիական հայցերը կասեցվել են, քանի որ քրեական գործը դեռ ընթացքի մեջ է: Այնինչ մի օր էլ, ընդ որում, որոշումից 3 շաբաթ անց, իմանում ենք, որ դատարանը «Նորաշեն 2007» կոոպերատիվին սնանկ է ճանաչել: Դատավորն էլ մեզ ասաց, որ ճնշում են գործադրել իր վրա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Գևորգ Չաուշի 14/3 հասցեի նորակառույց շենքում բնակարան գնած Գոհար Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ 2008թ. թե ինքը, թե մյուս բնակիչները պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար: Սակայն 2009թ. իմացել են, որ իրենց  բնակարանները ընկերությունը գրավի տակ է դրել դրանք։

Բնակիչներից Գրիշա Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ թեև ինքը 2008թ. սեփականության պայմանագիր է կնքել ընկերության հետ,  2010 թ. պարզել է, որ իր բնակարանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անունով է:

«Տիկին Հերմինեն ինձնից լավ քաղաքացի չի, ինքն ինձ ստիպում է լքել այս երկիրը: 2007-ից փողերը մուծել ենք, գիտենք, թե բնակարանը մերն է, 2010թ. իմանում ենք, որ Հերմինեի տղայի անունով ա բնակարանը: 11 մլն դրամ փող ենք դրել բնակարանի վրա, հիմա Հերմինեն ուզում ա վայելի: Տոկոսով փող ա տվել 10 հազար դոլար, դրա դիմաց բնակարանը վերցրել, ինձ էլ ասում է` 15 հազար դոլար տուր, վկայականը տամ: Եթե հարցը արդար լուծում չստացավ, մեկ է, ինքն էլ չի վայելելու: Եթե իմը չլինի, իրենը հաստատ չի լինելու: Էս բնակիչների ձեռքով էս շենքը ոնց սարքվել ա, տենց էլ կվերանա, ու Հերմինեն կմնա իրա դատարկ տաշտակին: Հեռուստացույցով բարերար կին ա ձեւանում, էսօր եկել ա՝ էս ժողովրդի ձեռքից խլում ա»,- ասաց  Գրիշա Մկրտչյանը:

Նա և մյուս բնակիչները նշեցին, որ չեն պատրաստվում կանգ առնել և պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենց վերադարձնեն իրենց տան վկայականները: