«Armenian Today» կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստին այսօր`ապրիլի 28-ին, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեպքի օրը Կիվիրյանին մեքենա նստեցրած ոստիկաններից Վարազդատ Ալեքսանյանն իր նախաքննական ցուցմունքին հակասող վկայություն տվեց:
Վկան դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ Կիվիրյանին բերման են ենթարկել` երթեւեկությունը խոչընդոտելու համար`շեշտելով, որ ինքը նրանից հայհոյանք չի լսել:
«Ակտիվիստները փակեցին փողոցը և բարձրացան վերև: Արգիշտի Կիվիրյանը գովազդային կլոր խողովակի տակ նստած էր, երբ մենք մոտեցանք նրան, Արգիշտին փաթաթվեց խողովակին: Նրա ոտքերը խանգարում էին երթևեկելի ճանապարհին, մենք նրան ասացինք, որ դուրս գա այդտեղից, բայց նա հրաժարվեց: Այդ ժամանակ ես և մեկ այլ ոստիկան` Արարատ Հարությունյանը, պոկեցինք նրան խողովակից, հետո հատուկ գումարտակի տղաները մեզ մոտեցան, նրանք ոտքերից բռնեցին: Արգիշտի Կիվիրյանը անընդհատ իրան թափ էր տալիս, չէր ուզում գալ: Նրան տարանք լուսաֆորի տակ կանգնած ոստիկանական մեքենայի մոտ և ստիպեցինք, որ նստի մեքենան, դրանից հետո ես գնացի ու չգիտեմ՝ դրանից հետո ինչ եղավ»,- դատարանում վկայություն տալիս ասաց Վարազդատ Ալեքսանյանը:
Վկայի ցուցմունքում դատախազ Արթուր Երիցյանը հակասություն նկատեց: Նրա միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում ոստիկանը գրել էր. «Կիվիրյանը մեզ անպատիվ խոսքեր էր ասում եւ հայհոյանքներ էր տալիս, դրա համար գնդի հրամանատարը կարգադրեց նրան բերման ենթարկել»:
Վկան իր ցուցմունքը երկար ժամանակ չկարողացավ հստակեցնել և միայն Կիվիրյանի պաշտպանների բազմաթիվ հարցերից հետո ասաց, որ նախաքննականն ավելի ճիշտ է, քանի որ հիմա դեպքը մանրամասնորեն չի հիշում:
Դատական նիստի ավարտին Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վկայի ցուցմունքների միջև հակասությունը խոսում է նրա մասին, որ ոստիկան-վկաները տալիս են այնպիսի վկայություն, ինչպիսին ցանկանում են նրանց ղեկավարները: Վկայի ցուցմունքնեչրը հակասում էին նաեւ մյուս ոստիկանների ցուցմունքներին։
«Նրանք չեն ասում այն, ինչ իրականում տեսել են, որովհետև եթե նրանք իրենց իրական տեսածը նկարագրեն դատարանում, ապա, իհարկե, հակասություններ չեն կարող լինել: Այս քրեական գործում չկա որևէ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Արգիշտի Կիվիրյանը կատարել է հանցագործություն, ուստի ոչ նախաքննական ցուցմունքը, ոչ դատական ցուցմունքը ապացույց չեն կարող ծառայել »,-ասաց պաշտպանը:
Արգիշտի Կիվիրյանը NEWS.am-ին ասաց, որ բոլոր ցուցմունքները վկայում են այն մասին, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը ցանկանում են գործ սարքել իր դեմ:
«Վկաները գալիս են դատարան և հակասական ցուցմունքներ են տալիս: Ցույց են տալիս, որ նրանք ոչ թե ոստիկան են, այլ, լավագույն դեպքում, կարող են աշխատել որևէ կրկեսում որպես ծաղրածու: Մենք այսօրվա դրությամբ գործ ունենք ոչ թե ՀՀ ոստիկանության, այլ հատուկ մարմինների հետ, որոնք ցանկանում են գործ սարքել իմ դեմ»,- ասաց Կիվիրյանը։
Նշենք, որ նախորդ նիստերի ընթացքում էլ վկաները իրենց նախաքննական ցուցմունքներին եւ միմյանց հակասող ցուցմունքներ էին տվել դեպքի օրը Կիվիրյանին բերման ենթարկած ոստիկանները՝ չկարողանալով տալ դեպքի մանրամասների միասնական նկարագրություն։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











