Սեբաստիա փողոցում գտնվող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության գրասենյակում լարված իրավիճակ է։ «Դողագործ» ավտոդողերի գործարանի մոտ 50 նախկին աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 29-ին, կրկին գնացել են «Գլենդեյլ Հիլզ»՝ պահանջելու հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, որոնք իրենց վերջնական պատասխան կտան՝ արդյոք ճիշտ են իրենց տեղեկությունները, որ ավտոդողերի գործարանի գույքն ու պարտավորությունները գնած «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի սեփականատերերը հենց «Գլենդեյլ Հիլզի» սեփականատերերն են, եւ նրանցից պահանջելու իրենց աշխատավարձերը։ Աշխատակիցների խոսքով՝ գործարանի մոտ 1400 աշխատակիցներ 1996-2002թթ աշխատել են առանց վարձատրության, թեեւ նրանցից միայն 78-ն է դատարան դիմել եւ պարտատեր ճանաչվել։
«Նայթս բրիջ» կազմակերպությունը պարտավորվել է գործարանի դիմաց 344 մլն դրամ փոխանցել պաշտպանության նախարարությանը, որն էլ այդ փոխանցված գումարից պետք է վճարի աշխատավարձային պարտքերը։ Աշխատակիցների մոտ կա Պաշտպանության նախարարության գրավոր պատասխանը, ըստ որի, «Նայթս բրիջի» պարտավորվել է մինչեւ 2013թ. հունիսի 20-ը կատարել փոխանցումը։ Մինչեւ օրս, սակայն, ընկերությունը փոխանցում չի արել։ «Նայթս բրիջի» որեւէ ներկայացուցչի մինչեւ օրս գործարանի աշխատակիցները չեն հանդիպել. միայն գիտեն տնօրենի՝ Վահե Կաղումյանի, եւ պատասխանատուներից Աշոտ Գոմցյանի անունը։
2014թ. փետրվարի 2-ին նույնպես գործարանի աշխատակիցները գնացել էին «Գլենդեյլ Հիլզ», որից հետո նրանց հանդիպել էր գործարանի նախկին սեփականատեր General Transworld ընկերության սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը եւ տեղեկացրել, որ մինչեւ «Նայթս բրիջը» փոխանցում չանի, նրանք աշխատավարձեր չեն ստանա։
Գործարանի աշխատակիցներին այսօր առավոտյան «Գլենդեյլ Հիլզի» անվտանգության աշխատակիցները կրկին համոզում էին, որ «Նայթս բրիջ» ընկերությունն իրենց հետ կապ չունի։ Գործարանի աշխատակիցներին սա չհամոզեց, նրանք սկսեցին աղմկել, պահանջում էին թույլ տալ իրենց երկրորդ հարկ բարձրանալ։
«Դուք էլ մեզանից մեկն եք, ինչո՞ւ չեք թողնում։ Մենք էլ ենք իրենց աշխատակիցները եղել, մեզ խաբել են, ձեզ էլ կխաբեն»,- համոզում էին գործարանի նախկին աշխատակիցները։
Ի վերջո, անվտանգության աշխատակիցներից մեկ մոտեցավ նրանց ու տեղեկացրեց, որ «Նայթս բրիջ» ընկերության ներկայացուցիչը ճանապարհին է, գալիս է նրանց հետ հանդիպելու։
Բողոքարարնեերը սպառնացին՝ եթե կես ժամից ներկայացուցիչը չգա, իրենք կփակեն Սեբաստիա փողոցը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











