«Դողագործ» ավտոդողերի գործարանի աշխատակիցները մինչ հաջորդ երեքշաբթի կստանան 1996-2002թթ. չստացած աշխատավարձը: Նրանց այսօր՝ ապրիլի 29-ին,  հեռախոսով այսպիսի խոստում տվեց General Transworld  (նախկին «Դողագործ») ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը:

Նշենք, որ  «Դողագործ» ավտոդողերի գործարանի մոտ 50 նախկին աշխատակիցներ այսօր առավոտյան կրկին գնացել էին Սեբաստիա փողոցում գտնվող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության գրասենյակը եւ պահաջում էին  հանդիպում «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ հետ:

Նրանք տեղեկություններ ունեին, որ ավտոդողերի գործարանի գույքն ու պարտավորությունները գնած «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի սեփականատերերը հենց «Գլենդեյլ Հիլզի» սեփականատերերն են, եւ որ նրանք այդ շենքում են:

Աշխատակիցների խոսքով՝ գործարանի մոտ 1400 աշխատակիցներ 1996-2002թթ աշխատել են առանց վարձատրության, թեեւ նրանցից միայն 78-ն է դատարան դիմել եւ պարտատեր ճանաչվել։

«Գլենդեյլ Հիլզի» անվտանգության աշխատակիցները սկզբում ասում էին, թե իրենք չգիտեն նման կազմակերպություն եւ չեն ճանաչում «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի սեփականատերերին: Երբ «Դողագործ» ավտոդողերի գործարանի աշխատակիցները աղմուկ բարձրացին, մեկ ժամ անց նրանցից երկուսին ընդունեց այդ կառույցում գործող «Էյջ Դի Դեվելոփմենթ» ընկերության ֆինանսական տնօրեն՝ Հրաչ Երկնափեշյանը:

Գործարանի նախկին աշխատակիցները հանդիպումից հետո NEWS.am-ին ասացին, որ Հրաչ Երկնափեշյանը պնդել է, որ ինքը կապ չունի «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի հետ, եւ իրենց հետ զրուցել է «որպես քաղաքացի»:

«Չնայած դրան՝ խոսքի մեջ ասում էր՝ մենք։ Նա էլ ասում էր, որ գումարները, միեւնույն է, տալու են, քանի որ ոչ մեկ իր գլխից ձեռք չի քաշել, որ այդ գումարները չտա: Ասում էր, որ հարցը գործընթացի մեջ է այժմ, եւ պետք է սպասել, ժամանակ է հարկավոր»,- NEWS.am-ին պատմեցին գրասենյակից դուրս եկած աշխատակիցները։

Երբ «Դողագործ» ավտոդողերի գործարանի աշխատակիցները «Էյջ Դի դեվելոփմենթ» ընկերության ֆինանասական տնօրեն՝ Հրաչ Երկնափեշյանի սենյակում էին, զանգահարեց General Transworld ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը եւ տեղեկացրեց, որ իրենց հարցը կլուծվի մինչեւ երեքշաբթի:

Աշխատակիցները, սակայն, չեն հավատում սնանկության գործով կառավարիչին, եւ կարծում են, որ նա կրկին իրենց խաբում է:

«Գիտե՞ք՝ արդեն քանի երեքշաբթի ա անցել: 55 երեքշաբթի ա անցել: Մենք չենք վստահում  նրան: Մեզ ամեն տեղ էլ խաբում են: Զանգեցին, նման բան ասեց, որովհետեւ վախեցան, որ ճանապարհ կփակենք», - բորբոքված ասաց աշխատակիցներից մեկը:

Նրանք կսպասեն մինչեւ երեքշաբթի, եթե իրենց կրկին խաբեն կտրուկ քայլերի կդիմեն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am