Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի բնակիչ Անատոլի Դավթյանը, որն այսօր՝ ապրիլի 29-ին, ահազանգել էր ԱԻՆ՝ սպառնալով, որ եթե չվերականգնվի իր տան գազամատակարարումը, կվնասի իրեն, հարևանների խոսքով, ամսվա մեջ մի քանի անգամ նման կեղծ ահազանգեր է տալիս ոչ միայն ԱԻՆ, այլև ոստիկանություն և «Շտապօգնություն»:
Հարևանները պատմեցին, որ Անատոլին արդեն մեկուկես տարի է՝ միայնակ է ապրում, իսկ տան գազամատակարարումն այդ ժամանակվանից դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներով: Նրանք ասացին, որ ընտանիքի անդամները լքել են Անատոլիին՝ ալկոհոլը չարաշահելու պատճառով:
«Ամսվա մեջ մի քանի անգամ խմում է, հիմնականում՝ թոշակից թոշակ: Բայց էս անգամ շուտ է եղել, երևի տան ապրանքը ծախել ա: Խմում է, զանգում է 9-11, 1-02, ասում՝ չգաք, կտրաքացնեմ ինձ, էս կանեմ, էն կանեմ: Իր ոտքերից մեկը պրոթեզ է, մի ժամանակ զանգում, ասում էր՝ փող չունեմ, պրոթեզս փչացել է: Պրոթեզը սարքեցին, հիմա էլ ուրիշ բան է ասում: Ընտանիքը թողել գնացել է, դրանից գժվել է: Կին ունի ու երկու աղջիկ, Ռուսաստանում են, աղջիկներից մեկն էլ ամուսնացած է»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց հարևաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Նա նշեց նաև, որ ամեն անգամ նման ահազանգերից հետո Անատոլիին գալիս, տանում են հոգեբուժարան, սակայն մի քանի ժամ անց հետ են բերում: Այս անգամ նույնպես նրան տարել էին հոգեբուժարան և հետ բերեցին այն պահին, երբ NEWS.am-ի նկարահանող խումբն այնտեղ էր: Անատոլին կրկին ոչ սթափ վիճակում էր, որոշ ժամանակ հարևանների հետ խոսելուց հետո մտավ իր տուն:
Այդ պահին նրա տան մոտ էր նաև գազամատակարարման տարածքային տեսուչը, որը NEWS.am-ին ասաց, որ գազամատակարարումն անջատել են, որպեսզի Անատոլին իրեն չվնասի: «2014թ. հունվարին զանգել էր, հերթապահին ասել էր՝ գազը բաց եմ թողնում: Եկել ենք, փակել ենք, որ հանկարծ իրեն ու հարևաններին չպայթեցնի»,-նշեց Արտակ Սահակյանը:











