ԿԳՆ շենքի մոտ այսօր՝ ապրիլի 29-ին, կենսաթոշակային պարտադիր պահումների դեմ բողոքի ակցիա անցկացնող ուսուցիչներին եւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության մասնակիցներին ակցիայի մեկնարկից մոտ կես ժամ անց մոտեցել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, որն առաջարկել է` ակցիայի մասնակիցներից մի քանիսը բարձրանան նախարարի մոտ՝ ասելով, որ Աշոտյանը ցանկանում է ուսուցիչների հետ խոսել նաև կրթական ոլորտի այլ խնդիրների, այդ թվում՝ աշխատավարձերի  մասին:

Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվել են վերեւ բարձրանալ՝ պահանջելով, որ նախարարն ինքը իջնի։

«Աշոտյան, իջի» «Լոգ-աութի կնոպկան սեղմի, իջի ներքև»,- վանկարկում են նրանք։

«Այսօր երիտասարդները խուսափում են մանկավարժ դառնալուց, որովհետեւ չեն ուզում գրոշներով աշխատել, ու եթե այլընտրանք չունենալով, գումարի կարիք ունենալով՝ մենք աշխատում ենք, դուք դա էլ եք պահում։ Իմացեք, որ ոչ մի ուսուցիչ չի վախենում, բոլորը լքելու են այս երկիրը, ավերակների վրա ո՞նց պիտի կառավարեք, դատարկվել է երկիրը, մնալու եք մի քանի հոգի, իրար կոկորդ կրծեք, ի՞նչ եք ուզում մեզանից, տվեք մեր աշխատավարձը եւ բարձրացրեք մեր աշխատավարձերը»,- բարձրախոսով նախարարին դիմեց ուսուցիչներից մեկը։

Նա նաեւ տեղեկացրեց նախարարին, որ իրեն՝ ուսուցիչները, այսօր պայքարում են, որ աշակերտներին կտրեն համակարգիչներից, որը բացասաբար է անդրադառնում նրանց մտավոր զարգացման վրա։ Նույնը նա խորհուրդ տվեց նախարարին. «Դուրս եկեք ֆեյսբուքից, իջեք, ցույց տվեք Ձեր դեմքը։ Խնդրները լուծելու փոխարեն այստեղ, այնտեղ բաներ եք գրում»։

Քիչ անց ներքեւ իջավ նաեւ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, սակայն ցուցարարները միասնաբար մեջքով դեպի նա շրջվեցին՝ գոռալով. «Հեռացիր, ուզում ենք խոսել Աշոտյանի հետ»:

Ավելի վաղ ուսուցիչները արտասանում էին՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը եւ քոչարի էին պարում։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am