Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց այսօր՝ ապրիլի 29-ին, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումների դեմ բողոքի ակցիա անցկացնող Երեւանի դպրոցների ուսուցիչները եւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները հավաքի մեկնարկից մոտ մեկուկես ժամ անց ակցիային մասնակցող ուսուցիչներից մեկն ասաց, որ իրենց տեղեկություններով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հետնամուտքով հեռացել է նախարարությունից։

«Մեզ տեղեկություն է հասել, որ Աշոտյանը գողեգող փախավ նախարարությունից: Ես ամաչում եմ, որ մեր ղեկավարության մեջ կան տղամարդիկ, որոնք ազգին պետք է օրինակ դառնային, բայց գողից չեն տարբերվում, գողեգող փախան»,- հայտարարեց նա։

Այս հայտարարությունից հետո ուսուցչուհիները վրդովվեցին։

«Էլ ի՞նչ նախարար, որ ոստիկանները նրան պետք է պաշտպանեն կրթության ոլորտի աշխատակիցներից: Կանա՞յք պիտի հարձակվեին նախարարի վրա»,- բողոքում էին նրանք։

Մեջբերելով օրերս վերանշանակվելուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աշոտյանի շնորհակալական գրառումը այն մասին, որ իր վերանշանակման կապակցությամբ մարդիկ «ճառագում են», երիտասարդ ուսուցչուհիներից մեկը հեգնանքով նկատեց. «Տեսնո՞ւմ եք՝ ինչքան ճառագված ուսուցիչ կա այստեղ։ Իջեք, մեր երջանկությունը հայտնենք, թողնենք, գնանք։ Մենք Ձեզ նման պարապ-սարապ նստած չենք։ Հազար գործ ունեք անելու»,- հայտարարեց ուսուցչուհին։

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը երկրորդ անգամ իջավ ցուցարարների մոտ եւ ասաց, որ մի քանի հոգուց կազմված պատվիրակությանը ընդունելու նախարարի առաջարկն ուժի մեջ է։ Նա փոխանցեց իր հեռախոսահամարը, որ մանկավարժները զանգահարեն իրեն հանդիպումը կազմակերպելու համար։

Գնալուց առաջ մանկավարժներն իրենց պահանջագիրը ներկայացրեցին, սակայն կրկին նախազգուշացրեցին, որ Աշոտյանից «ֆեյսբուքով» պատասխան չեն ակնկալում։ Ուսուցիչներն իրենց կոլեգաներին կոչ արեցին հաջորդ անդամ ոչ թե հոգեպես, այլ ֆիզիկապես միանալ իրենց։

«Եթե վախեցան, ոչինչ չի փոխվի։ Այսօրվա աշխատավարձով չեն կարող ապրել։ Ավելի լավ է՝ իրենք դառնան պատուհան մաքրող, քան այսօր աշակերտների ներկայությամբ պատուհան մաքրեն»,- ասաց ակցիային մասնակցող ուսուցիչներից մեկը։

Անդրադառնալով նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի վերանշանակմանը՝ ուսուցիչները նկատեցին, որ ապրիլի 3-ին կառավարության հրաժարականից հետո իրենք նախարար չունեին, բայց ինչպես այսօր պարզեցին, հիմա էլ նախարար չունեն:

«Ձեր հույսը նախարարի վրա չդնեք, նա ձեզ ոչ մի բանով չի օգնելու, մենք նախարար ինչպես չենք ունեցել, այնպես էլ չունենք»,- ասաց ուսուցիչներից մեկը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am