Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 30-ին, նորից հավաքվել են Լոռու մարզպետարանի առջեւ՝ պահանջելու իրենց տասը ամսվա աշխատավարձը։

«Անձամբ ես Ռուսաստանից ապաստարան եմ խնդրելու, զզվել եմ էս պետությունից: 15 տարի Հայաստանից դուրս չեմ եկել, բայց հիմա գնալու եմ: Թոշակիս տարիքի եմ հասել 30 տարի թույնի մեջ աշխատել եմ ու հիմա ինձ ասում են, որ եթե գազն ու հոսանքը չվճարեք, կանջատենք, բա ես է՞դ տղեն եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատողներից մեկը:

Գործարանի աշխատակիցները բողոքում են, որ աշխատավարձի պարտքեր ունեն դեռ 2011թ.-ից: Նրանց խոսքով՝ վերջին անգամ աշխատավարձ ստացել են 2013թ. նոյեմբերին:

«Հա ասում են էսօր, էգուց, մարդիկ հացի փող չունեն, մարդ կա ուսանող երեխա ունի, փող չունի, որ ուսման վարձը տա: Սա պետություն չի, լկտիություն ա, խաբեություն ա»,- ավելացրեց մյուս աշխատակիցը:

Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցների հետ նորից հանդիպման եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը նորից խոստացավ դիմել նախարարին:

«Դուք պետք է հասկանաք մարզպետի գործառույթը, ես ուղղակի փորձել եմ ինձ համար հասկանալի դարձնել, թե մարդկանց ճակատագիրն ինչ է լինելու, մի քանի անգամ խոսել եմ նախարարի հետ: Ես նորից կփորձեմ խոսել նախարարի հետ ու հարցնել, թե պատճառն ինչ է, որ չեք ստացել: Եթե անկեղծ, ապա ինձ ոչ թե աշխատավարձն է անհանգստացնում, այլ հետագան՝ արդյոք քիմգործարանը շարունակելու է աշխատանքը, թե ոչ: Ահա թե ինչն է ինձ այս պահին անհանգստացնում»,- ասաց մարզպետը:

Աշխատակիցները գնացին տուն՝ իրենց հետո տանելով մարզպետի խոստումը:

Նշենք, որ Վանաձորի քիմիական գործարանն ունի ավելի քան 900 աշխատակից, որոնք չեն ստացել մոտ 10 ամսվա աշխատավարձ: