Մեղրիի տարածաշրջանում տեղակայված ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հարցնելու մեղադրանքով հարուցված գործով այսօր՝ ապրիլի 30-ին, դատարան էր հրավիրվել փորձագետ, քիմիկոս Աշոտ Գասպարյանը, որն ամբողջ նիստի ժամանակ շրջանցեց իրեն տրվող հարցերն ու խուսափեց կոնկրետ պատասխաններ տալ՝ առաջացնելով ներկաների դժգոհությունը:
Քիմիկոսին դատարան էին հրավիրել, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, զինվորական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդությամբ երկրորդ անգամ դատաձգաբանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ՝ հիմնավորմամբ, որ փորձաքննության պարզաբանումներում եւ եզրակացությունում հակասություններ կան:
Սակայն Գորիսի կայազորի զինվորական դատախազ Գագիկ Մայիլյանը դիրքորոշումն էր հայտնել, որ ոչ թե լրացուցիչ փորձաքննություն անցկացվի, ինչը կրկին կձգձգի դատաքննությունը, այլ դատական նիստին փորձագետ հրավիրվի։
Դատարանի որոշմամբ հրավիրված փորձագետ Աշոտ Գասպարյանը տվեց հակասական պատասխաններ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փորձագետի խուսափողական պատասխաններն ուղղակի հունից հանեցին ներկաներին։
«Մեզ ոչխարի տեղ ես դրել»,- բորբոքվեց ամբաստանյալ Արթուր Միսակյանը եւ դահլիճից դուրս եկավ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, զինվորական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը փորձում էր պարզել, թե ինչպես կարող էր կրակոցից առաջացած մետաղացման հետքերը չնստել ինքնասպան եղած զինծառայողի բաճկոնին։»
«Ես Ձեզ նորից եմ հարցնում. գազերը հրազենային վնասվածքի միջանցիկ խողովակից, ծոծրակից պետք է դուրս գայի՞ն, թե ոչ։ Այո, կամ ոչ, ես այլ պատասխան չեմ ընդունում»,- Գասպարյանին դիմեց Ռուբեն Մարտիրոսյանը։
Փորձագետը կրկին երկար-բարակ սկսեց նկարագրել փորձագիտական մեթոդները. «Երբ ունենք մուտքի անցք եւ ելքի անց, ելքի վրա հնարավոր է գազի ազդեցություն չլինի, էս դեպքում մեր գլխարկի ետին անցքի վրա որեւէ ․․․»։
Այս պատասխանը կրկին բարկացրեց տուժող կողմի իրավահաջորդին, որն ընդհատեց փորձագետին.
«Ի՞նչ։ Ուրեմն էդ հզոր ճնշման տակ, որ ծակում անցնում ա գլուխը, գդակը անցնելուց հետո գազերը էդ անցքից դուրս չե՞ն գալիս։ Բա էդ մի քանի խորանարդ մետր գազերը ու՞ր են գնում, կարո՞ղ եք ինձ բացատրել որպես մասնագետ»,- հարցրեց նա։
Այնուամենայնիվ, Մարտիրոսյանն իր հարցերի պատասխանն այդպես էլ չստացավ՝ ու իր վերաբերմունքն արտահայտեց սեւ հումորով. «Ձեր ասածից ստացվում է հետեւյալը. անձը կրակել ա ինքն իր վրա, բայց իր հագուստին էդ կրակոցի հետքերը, պղնձի փոշին չի հայտնաբերվել ընդհանրապես։ Դուք աբսուրդ եք ասում։ Դա ծիծաղելի է, ուրեմն, ներեցեք սեւ հումորիս համար, ստացվում է այնպես, որ կրակոցի պահին Սարգիս Սահակյանը դեպքի վայրում չի եղել»։
Աշխատանքային օրվա վերջում դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 12-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Սահակյանը 2012թ. նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի առջև իրեն ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանություն։ Իսկ ինքնասպանության դրդապատճառ է համարվում համածառայողներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի կողմից հալածանքն ու սեռական բնույթի վիրավորանքները՝ Սարգսի ստացած ծանրոցի սնունդը միայնակ ուտելու համար։ Այնինչ մահացածի ծնողները վստահ են, որ դա պարզապես իրական հանցանքը քողարկելու միջոց է և, որ իրականում իրենց որդուն սպանել է բոլորովին այլ մարդ։











