Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության նախարարության 12 աշխատակիցների գործով դատը արհեստականորեն ձգձգվում է գործով բոլոր վկաներին դատարան կանչելու եւ հարցաքննելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` ապրիլի 30-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ասաց մեղադրյալներ Արմեն Խաչատրյանի, Բագրատ Մուրադյանի փաստաբան Աննա Ջուվանովան:

«Իմ դժգոհությունը կայանում է նրանում, որ եթե մեղադրող կողմը որեւէ ձեւով շահագրգռված է գործի ելքով եւ դրա՝ ողջամիտ ժամկետներում քննությամբ, ապա նա կարող է գործողություններ կատարել, հրաժարվել մնացած վկաների ցուցմունքները լսելուց եւ այս դատական նիստը արհեստականորեն չձգձգել: Ես կարծում եմ, որ արդեն իսկ բավարար են 100-ից ավելի վկաների ցուցմունքները, բայց մեղադրող կողմը գտնում է, որ բոլոր վկաները եթե նույնիսկ նրանք գտնվում են ԱՄՆ-ում, պետք է նրկայանան եւ ցուցմունք տան»,-ասաց Աննա Ջուվանովան:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալներն անհիմն գտնվում են կալանքի տակ, նրանց արարքներում հանցակազմ չկա, եւ փաստացի նրանք կրել են իրենց վերագրվող մեղադրանքով նախատեսված պատժի կեսը:

Դատական նիստին այսօր հարցաքննվեցին գործով 9 վկաներ, որոնց ցուցմունքներից որևէ էական հանգամանք չբացահայտվեց:

Դատավորը հակասություն նկատեց գործով վկա Ռուզաննա Վասիլյանի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ, քանի որ վկան նախաքննական ցուցմունքում գրել էր, որ ճանաչում է Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բոլոր բնակիչներին, իսկ դատարանում հայտարարեց, որ միայն բնակարանների սեփականատերերին է ճանաչում, եւ դատարանը ընթերցեց վկայի նախաքննական ցուցմունքը:

Գործով վկան հայտնվեց ծիծաղելի իրադրության մեջ, երբ հայտարարեց, որ չի հիշում՝ նախաքննության ժամանակ ցուցմունք տվել է, թե ոչ, նույնիսկ չէր հավատում այն ժամանակ, երբ նրան տրամադրեցին իր նախաքննական ցուցմունքը:

Դատավորի հարցին՝ 2012թ. հունվարի 26-ին եղել է  արդյոք Քանաքեռ-Զեյթունի քննիչի մոտ, վկան պատասխանեց, որ չի եղել, քիչ անց հարցրեց, թե արդյոք քննիչ Աշոտի մասին է խոսքը, ինչը առաջացրեց դահլիճում գտնվողների ծիծաղը:

Դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ մի քանի վկաներ դիմում են ներկայացրել, որ ինչ-որ պատճառներով չեն կարող ներկայանալ դատարան, ինչի առթիվ պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչին դատավորը  պատասխանեց. «Սայլակով մարդուն բերմա՞ն ենթարկենք»:

Փաստաբանն էլ պնդեց, որ իրենք իրավունք ունեն գործով յուրաքանչյուր վկայի հարցաքննել:

Դատական նիստի ամբողջ ընթացքում մեղադրյալ Վազգեն Խաչիկյանը ընթերցում էր անգլերենի դասագիրք եւ թերթ, որոնք իր հետ դատարան էր բերել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստ տեղի կունենա մայիսի 8-ին:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել նրա  համար, որ նա զբաղեցնելով  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, ծառայության մի շարք պաշտոնատար անձանց հետ, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը: