Երեւանում բնակվող փոքրիկ Մարիամը 2 տարի անց դպրոց կհաճախի, սակայն մանկական կաթվածի պատճառով դեռ չի կարողանում ինքնուրույն քայլել: Հնգամյա փոքրիկի ապաքինումը հնարավոր է Գերմանիայում բուժում ստանալու դեպքում, սակայն նրա ծնողները բավարար միջոցներ չունեն:
«Գերմանիայից պատասխան ենք ստացել, որ երեխային հարավոր է բուժել այնտեղ, նա կքայլի: Բայց Գերմանիայում 4 շաբաթվա բուժումն արժե 32 հազար եվրո: Բացի դրանից, կան կողմնակի ծախսեր: Իսկ մենք վարձով ենք ապրում, տուն չունենք, եթե ունենայինք, վաղուց կծախեինք, կտանեինք երեխային: Հաշվեհամար ենք բացել Մարիամիկի անունով: Ուզում եմ բոլոր մարդկանց օգնությանը դիմել, որ իմ բալիկը քայլի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիամի մայրը` Կարինե Ադյանը:
Նա պատմեց, որ իրենք շատ պաշտոնյաների են դիմել օգնության համար, սակայն ապարդյուն: Առողջապահության նախարարությունից առաջարկել են միայն տարվա մեջ 2 անգամ պետպատվերի շրջանակում ֆիզիոթերապիա անցնել, ինչը, Կարինեի խոսքով, բավարար չէ երեխայի ապաքինման համար: Այժմ Մարիամը հաճախում է ոչ միայն ֆիզիոթերապիայի, այլև ջրային թերապիայի և ձիաբուժության: Մեկ տարի առաջ վիրահատվել է Ռուսաստանում, որից հետո միայն կարողացել է ոտքն ինքնուրույն գետնին դնել:
«Մանկական կաթված է տարել, ինչքան հասակով է դառնում, ոտքի ջլերն այդքան կարճանում են: Մեկուկես տարեկանից սկսել ենք պարապել, այն ժամանակ չէր կարողանում նստել, միայն բարձերի օգնությամբ էր նստում: 2 տարեկանում սկսեց նստել, հետո՝ չոչ անել: Հետո սկսեց սեղանի կողքը կանգնել բռնված, այդպես քայլել, 4 ու կես տարեկանում սկսեց պատերից բռնված քայլել: Այս մի 10 օր է, տանը միայնակ, ձեռքերը բաց թողած քայլում է, բայց դրսում վախենում է»,-պատմեց Մարիամի մայրը:
Փոքրիկն այժմ քոլեջ է հաճախում, իր հասակակիցների պես ոտանավորներ, հեքիաթներ գիտի, երազում է մի օր դպրոց գնալու, բժշկուհի կամ երգչուհի դառնալու մասին: Աղջնակն իր ակտիվությամբ ու խելացիությամբ հույս է ներշնչում ծնողներին, որ մի օր լիովին ապաքինվելու է:
«Ինքը շատ բարի ու խելացի է, նկարում է, երգում: Մտավոր կարողություններով իր հասակակիցներին կես տարի է զիջում, դա էլ մենք ամեն կերպ փորձում ենք լրացնել պարապունքներով: Շատ նպատակասլաց երեխա է: Ռուսաստանում վիրահատությունից հետո երբ նարկոզից դուրս եկավ, առաջին բանը որ ասեց` մամ, մի քիչ էլ պարապեմ, կքայլեմ: Բժիշկները զարմացած էին ու ասացին` այս երեխան հաստատ կքայլի իր նպատակասլացության շնորհիվ»,- պատմեց Կարինեն:
Նա նշեց նաև, որ երեխային խնամելու համար չի կարողանում աշխատել: Ընտանիքն ապրում է ամուսնու եւ երեխայի հաշմանդամության թոշակով:
Փոքրիկ Մարիամին օգնելու համար բացվել է հաշվեհամար՝ Արարատ բանկում՝ 1510021229930100։











