Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր` ապրիլի 30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ դատական նիստի ձայնագրություններն իրեն տրամադրելու միջնորդություն ներկայացրեց, որը բավարարվեց:
Ընդդեմ Գասպարիի հայցով հանդես է եկել Նոր Նորքի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, որը վիրավորվել է Վարդգես Գասպարիի հնչեցրած արտահայտություններից, և պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում:
2013թ. դեկտեմբերի 26-ին Վարչական դատարանում, որտեղ քննվում էր ոստիկանության հայցն ընդդեմ Վարդգես Գասպարիի՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահից հետո «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց ակցիայի ժամանակ ոստիկանների օրինական պահանջին չենթարկելու համար, Գասպարին «սրիկա, հանցագործ, բութ արարած էր» անվանել ոստիկանների։ Ըստ Դեմիրխանյանի՝ Գասպարին ասել էր, որ «լճի ափին կանգնած մարմնավաճառներն ավելի ինքնասեր են, քան ոստիկանության ներկայացուցիչները»։
Վարդգես Գասպարին այս դատական նիստի ընթացքում փորձում էր ապացույցներ ներկայացնել դատարանին, որ իր արտահայտությունները՝ ոստիկանության աշխատակիցների հասցեին անհիմն չեն:
Մեղադրյալը սկսեց պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրեն ոստիկանություն բերման ենթարկելուց հետո, ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակի առջեւ սպառնացել իրեն «ոսկորները փոշի դարձնել»։ Դատավորը, սակայն, ընդհատեց Գասպարիին՝ նշելով, որ նա նախորդ դատական նիստին արդեն ներկայացրել է իր այդ փաստարկները։ Գասպարին խնդրեց ներկայացնել իրեն նախորդ նիստերի ձայնագրությունները, քանի որ «վստահ չէ, որ ինքը նախկինում ներկայացրել է բոլոր այդ փաստարկները»։
Ինչպես դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին, դատավորն այդպես վարվեց, քանի որ ուզում էր «որպես պաշտոնատար անձ իրեն տհաճ իրավիճակից իրեն հեռու պահել»։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիի դեմ մեղադրանք է առաջադրվել «ոստիկան Աիդա Դեմիրխանյանի պատիվն ու արժանապատվությունը հրապարակավ արատավորելու համար»:











