Խորհրդային տարիներին դատապարտված Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն թարգմանությունը հրատարակվել է եւ այսօր՝ ապրիլի 30-ին, հանձնվեց ընթերցողի դատին։
Հեղինակի՝ խորհրդային բանտում անցակացրած 23 տարիների մասին պատմող գրքի ռուսերեն թարգմանությունն արել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը։ Դերասան Վարդան Պետրոսյանը, որի աջակցությամբ հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը, մակագրել էր օրինակներից մեկը. «Մհեր ջան, հեղինակի հետ ծանոթացա իր մահվանից մի տարի առաջ, մտերմացանք, այս գիրքը հրատարակվեց իմ միջոցներով, նա վախճանվեց գրքի լույս տեսնելուց մի շաբաթ առաջ: Թող այս գիրքը զորացնի քո հավատը, քեզ եւ քո բախտակիցներին. լուսավոր գիրք է...»։
Մհեր Ենոքյանի մայրը խոստովանեց՝ երբ Մհերը նոր էր ձեռնարկել թարգմանությունը, ինքը դեմ էր. մութ բանտախցում ժամերով աշխատելը կարող էր բացասաբար անդրադառնալ որդու առողջության վրա։ Բայց Մհերը համառել է։
«Ասաց՝ Շաթիրյանն ինքն է ցանկացել, որ այդ նույն ճանապարհով անցած մարդը թարգմանի և տարածի իր գործը»,- շնորհանդեսին պատմեց Մհեր Ենոքյանի մայրը՝ տիկին Վարդուհի Օհանյանը։
«Երբ սկսեցի խմբագրել գիրքը, սկզբում դրան վերաբերվում էի որպես աշխատանքի։ Բայց երկրորդ-երրորդ էջից գրքով այնպես տարվեցի...Զարմանալի պատմություն է։ Չի եղել այդպիսի դեպք, որ մի ցմահ ազատազարկվածի պատմությունը մեկ այլ ցմահ ազատազրկված, իսկ երրորդը թարգմանի այն»,- ասաց ռուսերեն թարգմանության խմբագիրը։
Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Շաթիրյանների ընտանիքին:
NEWS.am-ի հետ զրույցում, Հենրիկ Շաթիրյանի դուստրը` Սաթենիկ Շաթիրյանը, ասաց, որ իր գլխավոր նպատակը «Խարանի» էկրանավորումն է։











