Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի որոշմամբ Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների հատման մասում գտնվող սպասարկման և առևտրի չորս կրպակները, որոնք մի քանի ընտանիքի համար ապրուստի միջոց են, պետք է ապամոնտաժվեն, որպեսզի դրանց տեղում կառուցվի պուրակ եւ տեղադրվի բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:

Կրպաների տերերը մոտ մեկ ամիս առաջ ստացել են ծանուցագիր, որի համաձայն, գործընթացն սկսվելու է մայիսի 1-ին: Պուրակի կառուցմանը դեմ են ոչ միայն կրպակի սեփականատերը, այլ հարակից շենքի բնակիչները: Արագ սննդի կետի սեփականատեր Վաղարշակ Ներսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի՝ ինչպես պետք է պահի իր ընտանիքը:

«Եթե քանդեն, նշանակում է՝ քանդում են իմ ընտանիքը: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ ու չորս անչափահաս երեխա ունեմ, պետք է իրանց համար ուտելիք ու շոր առնեմ: Հիմա ես իմ սոցիալական կարիքները բավարարում են իմ թոշակի միջոցով, որովհետեւ այս սպասողական ու անորոշ վիճակի պատճառով կրպակի աշխատանքը դադարեցրել եմ»,- ասաց նա:

Վաղարշակ Ներսիսյանը նաև պատմեց, որ կրպակը սարքելու համար իր տունը գրավի տակ է դրել, և եթե կրպակն ապամոնտաժեն, չգիտի, թե որտեղից պետք է փոխհատուցում ստանա: Մեկ այլ կրպակի սեփականատեր Գագիկ Նիկոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը ընդունելուց առաջ քաղապետարանը իրենցից ոչ մեկի կարծիքը չի հարցրել:

«Նրանք ասում են, որ ոչ ոք դեմ չի, բայց շենքի բոլոր բնակիչները դեմ են, մենք արդեն 150 ստորագրություն ենք հավաքել, ու այստեղ ոչ մեկին հնարավոր չէ գտնել, ով կողմ է պուրակի կառուցմանը: Սա Արամ Խաչատրանի փողոցն է, Գյուլբենկյանի արձանն այստեղ ինչի՞ համար են դնում: Բան չունեմ ասելու, Գյուլբենկյանը լավ մարդ է եղել, բայց մեկ ա՝ այդ արձանը մեզ հաց ու ջուր չի տալու: Ավելի լավ է ազգի համար մի լավություն անեն, ոչ թե եղածն էլ քանդեն: Վերջիվերջո ժողովուրդ ենք, ոչխար չենք »,- դժգոհեց Գագիկ Նիկոլյանը:

Կրպակի սեփականատիրոջ խոսքով՝ կրպակներն աշխատում են 1996-ից, և այսքան ժամանակ ոչ ոք չի ասել, որ դրանց գործունեությունն անօրինական է, իսկ հիմա պատճառաբանում են, որ կրպակներն անշուք են և անօրինական:

«Մենք չենք ուզում գնալ Ռուսաստան, մենք ուզում ենք մեր հողում աշխատել»,- ասաց Գագիկ Նիկոլյանը։

Բնակիչներն իրենց դժգոհությունը բացատրում են նրանով, որ պուրակ կառուցելու դեպքում իրենց անդորրը կխաթարվի։