Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է հանցագործին, ով Իսթ Հոլիվուդ թաղամասում ներխուժել է 98 Cents Store խանութ եւ գնդակահարել հայ խանութպանին: CBS հեռուստաալիքի փոխանցմամբ, սպանությունը տեղի է ունեցել նախօրեին, կեսօրին մոտ:

Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Ջեֆրի Բերթի խոսքով, խանութի 62-ամյա սեփականատիրոջը՝ Եփրեմ Խոտսուրյանին հայտնաբերել են հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Հարեւան խանութի աշխատակիցը աղմուկ էր լսել եւ օգնության շտապել, սակայն հանցագործն արդեն հեռացել էր:

Ոստիկանները 10 ժամից ավելի խուզարկություններ են իրականացրել հարակից տարածքներում, սակայն չարագործին այդպես էլ չեն գտել:

Հարեւաններն ու գործընկերները Եփրեմ Խոտսուրյանին նկարագրել են որպես ընտանիքին նվիրված, աշխատասեր մարդ, ով մտադիր էր վաճառել իր խանութն ու թոշակի անցնել:

Դեպքի կապակցությամբ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: