Հայաստանում աշխատավորն այսօր պաշտպանված է այնքանով, որքանով, որ գիտի իր իրավունքները: Այս մասին մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդեդերացիայի համերաշխության երթին ասաց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը։
«Աշխատանքային օրենսգրքի շատ դրույթներ են այսօր խախտվում, մարդիկ վախենալով, որ կկորցնեն իրենց աշխատանքը, շատ ժամանակ մեզ չեն դիմում, կամ դիմելուց անունը չեն ասում: Աշխատողի իրավունքները պաշտպանված են այսօր, բայց ոչ լիարժեք, եւ այստեղ գործատուի միջամտությունն է եւ սուբյեկտիվ շատ գործոններ, որոնք խանգարում են`օրինակ հայտարարությունները, որ ցանկանում են 20-25 տարեկան աղջիկներ էսինչ կառուցվածքով, օտար լեզուների իմացությամբ, սա օրենքի խախտում է, բայց ոչ մի պետական միջամտություն չի լինում, որ այդպիսի խտրականություն չդրվի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Թումասյանը:
Երթը, որին մասնակցում էին Երեւանից եւ մարզերից 20-ից ավելի արհմիություններ, «Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Համայնքային աշխատողին արժանապատիվ աշխատավարձ» եւ այլ գրությամբ պաստառներով, Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի ՀԱՄԿ շենք:
«Այսօր շատ երկրներում արհմիությունները, աշխատողները դուրս են գալիս փողոց իրենց համերաշխությունը արտահայտելու եւ իրենց պահանջները ներկայացնելու իշխանություններին: Մենք այսօր պահանջում ենք համայնքային աշխատողներին բարձր աշխատավարձ, նոր աշխատատեղերի ստեղծում եւ կոչ ենք անում աշխատողներին միանալ արհմիություններին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետհիմնարկների տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը իր ելույթում անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդրին` ասելով, որ իրենց համար նույնպես անընդունելի է պարտադիր բաղադրիչի ներդրումը. «Չի կարելի սոցիալական խնդիրներ լուծել պարտադիր ձեւով, մարդ չի կարող այսօր երաշխիքներ ունենալ, վստահություն ունենալ, որ 45 տարի կուտակած գումարները կարող է ի վերջո ստանալ: Սրանք խնդիրներ են, որոնց համար կառավարությունը, օրենսդիրը պետք է կարողանան համադրելի լուծումներ գտնել»:
Երթն ավարտվեց ՀԱՄԿ շենքի մոտ:











