Մայիսի 1-ին կարճ ժամանակով Երեւանում բարձրացած ուժեղ քամին պոկել է Սևքարեցի Սաքո փողոցի թիվ 57 տան տանիքը, տեղահան արել մոտակա էլեկտրասյունը՝ խափանելով Փափազյան եւ Սեւքարեցի Սաքո փողոցներում էլեկտրամատակարարումը։

«Մոտ 14:00-ի սահմաններում եղավ, քամին, որ բարձրացավ, ամբողջությամբ տանիքը տարավ, տանիքը շփել ա փողոց: Այդ ընթացքում, բարեբախտաբար, ոչ մեկ անցնելիս չի եղել, մեքենա չի եղել, ոչ մի վտանգ չի եղել: Կտրվել են բարձր լարման հոսանքալարեր, հեռախոսալարեր։ Պոկվել է տանը կից կառույցի տանիքը, որը որպես ավտոտնակ էինք օգտագործում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց թիվ 57 տան բնակչուհի Սարգսյան Ջուլիետան:

Բնակիչները դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը, բայց աշխատակիցները 17:00-ի դրությամբ դեռ չէին ժամանել: Բնակիչներն իրենց ուժերով էին հավաքում պոկված տանիքի թիթեղները եւ փայտերը:

«Դե մեր տունն ա, ո՞վ գա հավաքի։ Քաղաքապետարանից, թաղապետարանից եկել են, բայց ԱԻՆ-ից մարդ չի եկել, որ օգնի: Մենք պետք է անենք, քամին կարող է նորից սկսվել, փողոցով մեքենաներ են անցնում, շատ վտանագավոր է».- պատմում էր ընտանիքի հայրը:

Տիկինը Ջուլիետան էլ կատակում էր, որ քամին այսօր իրեն նվեր է մատուցել. «Այսօր դարձա 56 տարեկան, քամու նվերն էր ինձ, տանիքս շփեց փողոց»։

Դեպքի  վայրում աշխատում էին նաեւ ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի աշխատակիցները, որոնք փորձում էին վերականգնել էլէկտրամատակարարումը: