Սունդուկյան 26 հասցեի մոտակայքում մայիսմեկյան ուժեղ քամին արմատախիլ է արել հին բարդին, որը տապալվելով՝ փակել է փողոցը:
«Այս ծառը պետք է վաղուց կտրվեր, արմատը փտած էր: Բնակիչներից մեկը վերջերս ճյուղերը թարմացրել էր, բայց քաղաքապետարանը պետք է զբաղվեր՝ գային, կտրեին արմատից, որ սենց դեպք չլիներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդ Աբրահամյան Գարսեւանը, որն աշխատում է Սունդուկյան 26 հասցեում գտնվող տաքսի ծառայությունում:
Ծառի տապալումը տեսել են տաքսի ծառայության աշխատակիցները: Ասում են՝ այդ հատվածը բանուկ է, բայց, բարեբախտաբար, ծառի անկման պահին այդ հատվածում ոչ ոք չի եղել:
«Ես տեսա, որ ծառն ընկնում է: Եթե ընկներ ավտոյի կամ մարդու վրա, կլխճեր, մարդ այդ պահին չէր էլ կողմնորոշվի, որ կողմ փախչեր: Ընկավ, ճամփեն փակեց, մենք գնացինք, ճյուղերը մի քիչ պոկեցինք, ճամփեն կիսով չափ բացվեց»,- պատմեց վարորդ Գագիկը:
Հարակից շենքի բնակիչները դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։











