Երեւանի Նորագավիթ թաղամասում «Մեթան» գազալցակայանում այսօր՝ մայիսի 2-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բենզալցակայանի աշխատակից Կարեն Հունանի Ազիզյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նա դաստակի կոտրվածքով եւ ջլերի վնասվածքներով հոսպիտալացվել է Միկորավիրաբուժական բաժանմունքում։

Պարզվել է, որ լիցքավորման պահին պայթել է «ՎԱԶ-2109» մակնիշի Սաշա Կարապետյանին պատկանող 24 UL 235 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը:

Դեպքի վայրում են ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները, քիչ առաջ ժամանեցին նաեւ քրեագետները։ Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են տարվում՝ պարզելու, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայի որոշ մասեր հայտնվել էին փողոցում։ Ուժեղ պայթյունի հետեւանքով մեքենայի տանիքը եւ հետնամասը պոկվել են ու հարվածելով 5-6 մ հեռավորությամբ գտնվող՝ գազալցակայանի զուգարանին՝ փշրել զուգարանի ապակիներն ու պոկել դուռը։ Պայթյունի հետեւանքով գազալցակայանի ներսում նաեւ պատ է փլուզվել։

Նորագավիթ 1-ին փողոցում խցանում են առաջացրել հետաքրքրասեր վարորդներն ու բնակիչները։